հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ ԱԳՆ-ների միջև

Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ ԱԳՆ-ների միջև

Հուլիսի 7-ին Բեռլինում տեղի  են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորել բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացումը, անդրադարձել Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական համակարգի բարեփոխումներին, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև՝ զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերին։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների:

Բեռլին այցի շրջանակներում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի դաշնային նախագահի գրասենյակի միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն Վոլֆգանգ Զիլբերմաննի և Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակի արտաքին և անվտանգության քաղաքականության վարչության պետի տեղակալ Քրիստիան Աուլբախի հետ։

  • Կիսվել: