ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բեռլինում տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի կազմակերպած աշխատաժողովը

Բեռլինում տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի կազմակերպած աշխատաժողովը

Բեռլինում՝ Բունդեսրաթում, հունիսի 30-ից հուլիսի 1-ը տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի (European Centre for Parliamentary Research and Documentation (ECPRD)) կազմակերպած՝ «Խորհրդարանների բյուջետային ինքնիշխանությունը» խորագրով աշխատաժողովը:

Քննարկվել են խորհրդարանների՝ իրենց խնդիրներն արդյունավետ լուծելու համար խորհրդարանական բյուջեների միջոցով համապատասխան ֆինանսական ռեսուրսներ ունենալու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Մասնակիցները վերլուծել են, թե որքանով կարող են օրենսդիր մարմիններն ազդել սեփական բյուջեների նախագծման եւ ընդունման վրա, պարզել, թե ինչպես են վերջիններս օգտվում բյուջետային ինքնավարությունից:

Գործնականում կիրառված օրինակների ներկայացման եւ փոքր խմբերում մտքերի փոխանակման միջոցով քննարկվել են օրենսդիր մարմինների բյուջեների միջոցով խորհրդարանական խմբերի եւ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը, դատարանների, վերստուգիչ հանձնաժողովների ու գրասենյակների կողմից խորհրդարանների բյուջեների վերահսկողությանը վերաբերող հարցեր:

Աշխատաժողովին մասնակցել են 40 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրել է  Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ Անի Գյոզալյանը: Վերջինս ելույթ է ունեցել «Քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների  ֆինանսավորումը ՀՀ-ում» թեմայի շրջանակում:

Զեկույցը մեծ հետաքրքրության է արժանացել, քանի որ մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ նման կարգավորում իրենց երկրներում առկա չէ: Մասնակիցները թեման բովանդակալից եւ համակողմանի քննարկել են, հարցուպատասխանի ձեւաչափով անդրադարձել բազմաթիվ հարցերի:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն աշխատաժողովին իրականացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

  • Կիսվել: