ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բելգիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում հաստատվի տևական խաղաղություն

Բելգիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում հաստատվի տևական խաղաղություն

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի երկրորդ օրը` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյիոյին և Սենատի նախագահ Ստեֆանի Դը Օզին:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցային հարաբերությունների դինամիկ և շարունակական զարգացման շուրջ: Ալեն Սիմոնյանը հատկանշական համարեց 2020 թ. դեկտեմբերի 18-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի և դեկտեմբերի 11-ին Բելգիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված Բելգիայի և միջազգային հաստատությունների նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ» բանաձևի ընդունումը:

Այս համատեքստում ԱԺ նախագահը հատուկ շեշտեց նաև Բելգիայի Ներկայացուցիչների պալատի 2021 թ. մայիսի 27-ին «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ` ի կատարումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձևի ընդունման կարևորությունը:

Բելգիացի գործընկերները հատուկ շեշտեցին` Բելգիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում հաստատվի տևական խաղաղություն և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանին այն ապահովելու հարցում: Նրանք բարձր գնահատեցին հայ համայնքի դերը Բելգիայի հասարակության մեջ:

Կողմերը փաստեցին, որ առկա բարեկամական հենքի վրա մտադիր են զարգացնել և խորացնել հայ-բելգիական միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունները` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

  • Կիսվել: