շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲԴԽ-ն 6 անդամի առկայության դեպքում քվորում կունենա և կկարողանա իրավական գործընթաց սկսել․ Նախագիծն ընդունվեց

ԲԴԽ-ն 6 անդամի առկայության դեպքում քվորում կունենա և կկարողանա իրավական գործընթաց սկսել․ Նախագիծն ընդունվեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը առաջարկում են փոփոխել դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց լիազորությունները դադարեցնելու, դատավորի և ԲԴԽ անդամ նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը:

«Եղել են և կարող են լինել իրավիճակներ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թիվը կարող է իջնել 6-ի և բավականին երկար քաղաքական կոնսենսուսի բացակայության պարագայում անդամներ չընտրվեն կամ, օրինակ, դատավորների ընդհանուր ժողովը չկարողանա նիստ գումարել և ընտրել դատավոր անդամների և թիվը 6-ից նվազի։ Ի՞նչ է սա նշանակում, որ ցանկացած դատավոր կարող է անել ամեն ինչ՝ հստակ հասկանալով մոտակա 3-4 ամիսների ընթացքում հնարավորություն չի լինելու նիստ հրավիրել ԲԴԽ-ում և որոշում կայացնել։ Եվ մենք այդպիսի իրավիճակներում եղել ենք։ Եվ շատ է խոսվում նրա մասին, որ մենք ճնշում ենք դատական իշխանությանը։ Կներեք, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն է եղել, որ այդ 2/3 նախատեսումը կարող է հանգեցնել արդարացումների շատ դեպքերում»,- ընդգծեց Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ սա շատ վտանգավոր դրույթ է և անթույլատրելի է, երբ նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նման սկզբունքային նշանակության հարց է բերվում օրակարգ՝ առանց լուրջ մասնագիտական քննարկումների, առանց իրավասու մարմինների քննարկումների, առանց փաստաբանական և իրավաբանական համայնքի հետ քննարկումների.

«Բայց ամենավտանգավորն այն է, որ այսօրվա ֆոնին, երբ դատավորի նկատմամբ ապօրինի հետապնդումներ, կալանավորումներ են սկսվել, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսվել, այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան պարզապես օրինականացնել դատական և իրավապահ համակարգի ապօրինի նվաճման գործընթաց»,-ասաց նա:

Նախագծն ընդունվեց  66 «կողմ», 30 «դեմ»,0 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ։

  • Կիսվել: