երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ. Փաշինյանը՝ բանավեճի չմասնակցած թեկնածուների մասին

Բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ. Փաշինյանը՝ բանավեճի չմասնակցած թեկնածուների մասին

«Ասեք, կանենք» կարգախոսով մենք երկու բան ենք ընդգծում: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Առաջինն այն է, որ Երեւան քաղաքում ասողը Երեւանի ընտրողն է, ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու: Երկրորդը՝ համայնքի ոգու ամենակարեւոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցայնությունը: Մենք ուզում ենք, որ երեւանցին մասնակցի Երեւանի նոր ծաղկունքին, նոր վերածննդին, նոր վերելքին, դրա համար ենք ասում՝ ասեք, կանենք՛՛:

Վարչապետն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերությամբքաղաքապետի թեկնածուների բանավեճին՝ շնորհակալություն հայտնելով Տիգրան Ավինյանին, որը հանդես եկավ որպես իրավիճակին տիրապետող իրական քաղաքապետ:

՛՛Նա նոր տեմպ, նոր արագություն է տվել Երեւան համայնքում մեր 2018-ի նախընտրական ծրագրի իրականացմանը:

Ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն մարդկանց նկատմամբ, որոնք արհամարհեցին բանավեճի հարթակը: Բեմում միայնակ կանգնել, վարչապետի ձայնը նմանակելով խոսել... դա վատ չէ, դա հեղափոխության արժեք է, ազատություն է, որ, այո՛, բոլոր հրապարակները, բոլոր բեմերը ազատ են ՀՀ ամեն մի քաղաքացու համար: Բայց հեղափոխության արժեք է նաեւ քաղաքական բանավեճը: Ես երկու անգամ մասնակցել եմ բանավեճերի որպես վարչապետ, որովհետեւ բանավեճը հարգանք է ընտրողի համար, իսկ հրաժարվելը արհամարհանք ու քամահրանք է ընտրողի նկատմամբ: Բա մեղադրանքներ էիք հնչեցնում, բա գնայիր, նայեիր ՔՊ-ի ներկայացուցչի աչքերի մեջ ու շպպացնեիր ասելիքդ: Դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետեւ չեք կարող, որովհետեւ բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ: Բա ինչո՞ւ չեք գնում բանավեճի, որովհետեւ վախենում եք, որ կարող է պարզվի, որ էլի ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում: Կարող է պարզվել, որ ուրիշի սցենարով եք խաղում, եւ դա է պարզվել՛՛,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ հեռուստատեսային բանավեճին չեն մասնակցել քաղաքապետի երկու թեկնածուներ՝ ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

  • Կիսվել: