հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Բարի խորհուրդները պահեք ձեզ համար. Սոֆյա Հովսեփյանը չի ընդունում Կարեն Սարուխանյանի ներողությունը

Բարի խորհուրդները պահեք ձեզ համար. Սոֆյա Հովսեփյանը չի ընդունում Կարեն Սարուխանյանի ներողությունը

Ներողություն է խնդրում ու միևնույն ժամանակ ինձ մեղադրում կատակը չհասկանալու մեջ, դա հավուր պատշաճի ներողություն չէր և ես այն ներողություն չեմ համարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով թիմակից պատգամավոր Կարեն Սարուխանյանի ներողությանը, ով ավելի վաղ իրեն հորդորել էր ամուսնանալ:

«Ներողություն է խնդրում ու միևնույն ժամանակ ինձ մեղադրում կատակը չհասկանալու մեջ: Ինչ վերաբերում է նրան, որ ես էլ պետք է ներողություն խնդրեմ կեղծ տեղեկատվություն տալու համար, ապա ասեմ, ես բոլոր փաստերն ունեմ, որ կեղծ տեղեկատվություն չեմ տվել ու պատրաստ եմ բանավեճի»,-ասաց Հովսեփյանը:
 

Հովսեփյանի խոսքերով, եթե հետագայում պարզվի, որ իր փոխանցած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ինքը պատրաստ է ներողություն խնդրել:

Հովսեփյանի համար այստեղ կարևոր չէ, թե ով է նման բան ասել՝ թիմակից է, թե որ, կարևորն այն է, որ բանավեճի կուլտուրա գոյություն ունի, որևէ մեկն իրավունք չունի այն տանելու անձնական դաշտ, ընդ որում այն դաշտ, որտեղ որևէ մեկն առհասարակ մտնելու իրավունք չունի. «Բարի խորհուրդները պահեք ձեզ համար»:
 

Իմ քայլի պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբույքն իր էջում գրել էր.

«Հաշվի առնելով հանրության վրդովմունքը երեկվա դեպքերի հետ կապված, ստիպված եմ նորից անդրադառնալ դրան։ Անդրադառնում եմ, քանի որ չեմ ցանկանում խոսքերս մեկնաբանվեն այնպես, ինչպես ձեռնտու է ոմանց, նաև հարկ եմ համարում նշել, որ հանրային կերպով այլևս այս թեման փակ է ինձ համար:

Եվ ուրեմն ` գրառումս եղել է մեկնաբանության տեսքով՝ Աշոտ Սարգսյանի գրառման տակ, որտեղ Սոֆյա Հովսեփյանը հիշատակում է ինձ և մեղադրում Մարալիկի ԱԿ-ում ստեղծված իրավիճակում՝ քրեորեն պատժելի արարքի համար, որն իբր թե կատարել եմ իմ պաշտոնավարման ընթացքում։ Ես ներկայացրել եմ այն բոլոր փաստարկները, որոնք վերաբերել են Հովսեփյանի մեղադրանքներին, իսկ դրանք ապացուցման ենթակա են։

Մի շատ կարևոր փաստ եմ ուզում արձանագրել. իմ կատարած մեկնաբանության բուն էությանը շատ քչերը փորձեցին ծանոթանալ, իսկ տիկին Հովսեփյանը բնականաբար բուն էության հետ կապված ասելիք չունենալով՝ ամեն ինչ տարավ բարոյականության հարթություն, որի արդյունքում էլ ձևավորվեց միակողմանի վերլուծություն։

Իսկ թե ինչ հարթության մեջ է գտնվում նման անհիմն մեղադրանքներ հնչեցնելը` կարող եք վերլուծել ինքներդ : Տիկին Հովսեփյանից պահանջում եմ իր մեղադրանքները հիմնավոր փաստերով ներկայացնել և պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած քննարկման։

Իսկ երկրորդ խորհրդիս մասով եթե սխալ կերպ է ընկալվել նրա մոտ, ես հրապարակային ներողություն եմ խնդրում` ակնկալելով , որ տիկին Հովսեփյանը նույնպես կունենա այնքան ազնվություն , որ իր խոսքերը չապացուցելու դեպքում հետևի իմ օրինակին և հանրային ներողություն խնդրի ինձ անհիմն մեղադրելու համար»։

  • Կիսվել: