երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով. Իվետա Տոնոյան

Այսօր մեր երկրի, պետության բացարձակ առաջնահերթությունն անվտանգությունն է, դրանից հետո նոր՝ տնտեսության զարգացումն ու հզոր պետության ստեղծումը, ուստի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով», այս մասին ասել է ԲՀԿ ցուցակի երրորդ համար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանը:

Նա վստահեցրեց, որ կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ունենալու է շատ ակտիվ մասնակցություն, լինելու են հանրապետության բոլոր մարզերում, ունենալու են հանդիպումներ, ներկայացնելու են նախընտրական ծրագիրը: Տոնոյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց զերծ մնալ ատելության, թշնամանքի խոսքի տարածումից այս քարոզարշավի ընթացքում: «Մեր հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանումը, հետևողականորեն ատելության, թշնամանքի, միմյանց հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտի տարածումը որևէ դեպքում որևէ լավ բանի չի հանգեցնելու»,-ասաց նա:

Տոնոյանն անդրադարձավ նախընտրական ծրագրի մի քանի դրույթի: Դրանում նշված է 10 մարզերի համաչափ զարգացման առաջնահերթությունը, կա նաև երիտասարդ ընտանիքների համար մատչելի սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու վերաբերյալ դրույթ: «Արժանապատիվ, նվազագույն աշխատավարձ, թոշակներ ունենալու հարցի կարգավորումը ևս կուսակցության առաջնահերթությունների շարքում է»,-ասաց Տոնոյանն ու վստահեցրեց, որ իրենք վստահաբար գիտեն, թե ինչպես կյանքի կոչել դրանք:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:

  • Կիսվել: