երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Բաքվում պահվող հայրենակիցների վերադարձի հարցը օրակարգից դուրս չի գալու․ Փաշինյան

Բաքվում պահվող հայրենակիցների վերադարձի հարցը օրակարգից դուրս չի գալու․ Փաշինյան

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատարձակումը և վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց, «Իհարկե, կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Համոզված եմ՝ Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը և զարգացումը, իհարկե, էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը, և մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ: Առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումից և խորացումից, սահմանների սահմանազատումից, գերիների և անհետ կորածների հարցերի շուրջ համագործակցությունից, ապաշրջափակումից, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անդին, շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սոցիալ-հոգեբանական կողմը։ Եվ հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում։

Սա նշանակում է մեկ բան, որ թե մենք, թե Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, ոչ ավել, ոչ պակաս»։

  • Կիսվել: