Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու նպատակով Երևա կժամանի Լուիս Մորենո Օկամպոն
ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին Երևանում հանդիպում կունենա՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու քայլերը քննարկելու նպատակով, հայտնում է Free Armenian Hostages նախաձեռնությունը։
«Մեր իրավունքն է աշխատել ադրբեջանական վարչակարգի կողմից պահվող հայ պատանդների ազատ արձակման համար։ Մենք դա կարող ենք անել նույնիսկ այն ժամանակ, երբ մոտենում է Բաքվում կայանալիք բնապահպանական գագաթնաժողովը, որը նախատեսված է մոտ ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին՝ Ibis Yerevan Center հյուրանոցում, որի մոդերատորը Մարկ Գրիգորյանն է։
Օկամպոյի շարժումը նպատակ ունի պայքարել կեղծավորության դեմ, համախմբել համաշխարհային հայ համայնքին և սկսել համաշխարհային արշավ՝ պահանջելով հայերի ազատ արձակումը:
Նախաձեռնությունն ընդգծում է, որ Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ համաժողովը բացառիկ հնարավորություն կտա ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումների վրա։
«Մի երկրում, որտեղ օրենքի գերակայությունն անտեսվում է, և բռնապետական կառավարությունը քաղաքական դրդապատճառներով կամայականորեն կալանավորում է մարդկանց, խաղաղության և անվտանգության իդեալները քարոզող կազմակերպության համաժողովի անցկացումը տեղին չէ»,- եզրափակում է նախաձեռնությունը։