ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը

Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը

Բաքվից պնդում են՝ անցած շաբաթ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը, գրում է Ազատությունը:

Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում օրեր շարունակ շրջանառվող այս տեղեկատվությունը, բանակցությունները հյուրընկալած Շառլ Միշելը ևս հարցին որևէ կերպ չի անդրադարձել։

Մինչ այդ՝ Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապել է ողջունել «պատմական» այդ իրադարձությունը և ընդգծել՝ Միշելի, Փաշինյանի և Ալիևի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգշնչող է։

«Մեր վերադարձի հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների օրակարգում ընդգրկելը պատմական իրադարձություն է այդ հարցի խաղաղ լուծման ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա ավելի է ոգեշնչում Արևմտյան Ադրբեջանի Համայնքին և Հայաստանից բռնի տեղահանված յուրաքանչյուր ադրբեջանցու՝ ձեռնարկելու իրենց վերադարձի իրավունքի իրագործմանն ուղղված քայլեր», - ասվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունում։

Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող այս կառույցը դեռևս մարտ ամսին էր հատուկ նամակ հղել Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին։

Ընդառաջե՞լ է արդյոք Միշելը ադրբեջանցիների խնդրանքին, համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանից հնչող այս հայտարարությունը և եթե, այո, ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, «Ազատությունն» այս հարցերն ուղղել է վարչապետ Փաշինյանի գրասենյակին, արձագանք առայժմ չկա։

Պաշտոնական Բաքուն, որ «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին խոսույթը ակտիվորեն սկսել է շրջանառել վերջին ամիսներին, այսօր կրկին կապել է այս հարցը Ղարաբաղի հայերի հետ ու պնդել՝ հայկական կողմը Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին խոսելիս պետք է հաշվի առնի նաև տեղահանված ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը։

Բաքվի քաղաքական այս նախաձեռնությունը, որը Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագրի մաս է կազմում, մի քանի ամսվա պատմություն ունի։

Փախստականներ ներկայացող ադրբեջանցիները հատուկ կազմակերպություն են ստեղծել, այն անվանել «Արևմտյան Ադրբեջանի համայնք»։ Կառույցն իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարել է անցած տարվա օգոստոսին, ամիսներ անց իր հարկի տակ երկու անգամ հյուրընկալել երկրի նախագահին։

«Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է», - կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարում էր նախագահ Իլհամ Ալիևը՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով կառույցի գործունեությանը։

Ալիևի հաշվարկներով «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։

«Նրանց [ադրբեջանցիների] վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում»,- «մեծահոգաբար» հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը։

Սյունիք ու Երևան ադրբեջանցիների վերադարձի պայմանների մասին Ադրբեջանի կառավարությունը հատուկ փաստաթուղթ է մշակել՝ հարցը «պետք է արտացոլվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում», իսկ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքում պետք է ապահովի «ադրբեջանական կողմի համար վստահելի և բարեկամ երկրների ուժերից կազմված միջազգային առաքելություն»։ Թե որ երկրներն են դրանք՝ Բաքուն չի բարձրաձայնել։

Պաշտոնական փաստաթուղթը նաև պնդում է՝ Հայաստան պետք է վերադառնան «ոչ միայն տեղահանված ադրբեջանցիները, այլև նրանց ժառանգները»։ Կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն սկսել է Հայաստանից «տեղահանված ադրբեջանցիների հաշվառումը»։

Ի պատասխան անցած ամիսներին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում էլ Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամար է անցկացվելու։

  • Կիսվել: