Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ
Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարը չի համաձայնի Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի կնքմանը, քանի դեռ այն չի պարունակում «պատերազմը դադարեցնելու վստահելի ծրագիր»։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ Սինվարի գլխավոր նպատակը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր պաղեստինցիների ազատ արձակումն է Իսրայելի բանտերից՝ ՀԱՄԱՍ-ի պատանդների դիմաց։ Նա նաև ակնկալում է, որ գործարքը կհանգեցնի անկլավում մարտերի ավարտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի շարունակական գոյությանը, և չի համաձայնի համաձայնագրի՝ առանց «պատերազմը դադարեցնելու վստահելի ծրագրի»: Շարժումը պահանջում է նաեւ հրադադարի միջազգային երաշխիքներ։ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի երաշխավորները ՀԱՄԱՍ-ին «անբավարար» են թվում, նշել են հրատարակության զրուցակիցները, ովքեր մասնակցում են բանակցություններին։
Նրանք հավելել են, որ դժվար է բանակցել ինչպես Սինվարի, այնպես էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Նրա [Նեթանյահուի] միակ նպատակը սեփական քաղաքական գոյատևումն է, և ամեն ինչ դրանից է բխում: Սա նշանակում է, որ եթե նա որոշում կայացնի, հրադադարի և պատանդների վերաբերյալ գործարք չի լինի։ Նա փակուղում է»,- The Wall Street Journal-ին ասել է նախկին իսրայելցի դիվանագետ Ալոն Պինկասը:
Սինվարն, իր հերթին, կարծում է, որ ինքն արդեն հաղթել է պատերազմում՝ անկախ նրանից՝ կհաջողվի գոյատևել, թե ոչ, քանի որ նա «բացեց աշխարհի աչքերը պաղեստինցիների տառապանքների վրա և հակամարտությունը դուրս բերեց միջազգային քաղաքականության առաջին պլան», բացատրում են բանակցողները։ Նրանք ավելացնում են, որ երկարաժամկետ հեռանկարում Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հույս ունի վերացնել գոտու շրջափակումը, ազատվել Իսրայելի ռազմական ճնշումից և ապահովել շարժման շարունակական գոյությունը։