երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և դրանց՝ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար. Զախարովա

Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և դրանց՝ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար. Զախարովա

Մոսկվան վճռական է աջակցելու Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի կնքմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

"Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած "հիմնարար սկզբունքները" եւ դրանց վերաբերյալ Երեւանի արձագանքը կոչված են հիմք ծառայել խաղաղ պայմանագրի շուրջ ադրբեջանահայկական բանակցություններ սկսելու համար", - նշել է նա:

"Ռուսաստանը վճռական է աջակցելու Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի կնքմանը", - ընդգծվում է մեկնաբանության մեջ:

Դիվանագետի խոսքով՝ այդ թեման ապրիլի 9-ին քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ մեկ օր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցություններում եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում:

Զախարովան նաեւ հիշեցրել է, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների "եռյակի" շրջանակներում:

"Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Անհրաժեշտ են հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը", - ընդգծել է նա:

"Այդ կապակցությամբ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր կարգավիճակում, այն է ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցչի: Նրա ուշադրության կենտրոնում կլինի հիշյալ խաղաղ պայմանագրի պատրաստման թեմատիկան։ Հուսով ենք, որ Խովաևի ջանքերը կօժանդակեն Բաքվում և Երևանում մեր դաշնակիցներին ու գործընկերներին: Բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար", - եզրափակել է դիվանագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: