կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքուն անընդունելի է համարել Փաշինյանի առաջարկները

Բաքուն անընդունելի է համարել Փաշինյանի առաջարկները

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցած կիրակի հնչեցրած առաջարկներին՝ ստորագրել  սպառազինությունների նկատմամբ փոխադարձ վերահսկողության մեխանիզմի մասին համաձայնագիր և չհարձակման մասին դաշնագիր:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի խոսքով՝ ՛՛Հայաստանի վարչապետի հայտարարությունները կոչված են ուշադրությունը շեղելու ՛՛Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին՛՛ երկկողմ համաձայնագրի նախագծի գործընթացից՛՛:

Ըստ ադրբեջանական կողմի՝ հայկական կողմի առաջարկներն անընդունելի են:

՛՛Չնայած հիշյալ համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին ուղղված ադրբեջանական կողմի կոչերին՝ վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններին իր Սահմանադրության, օրենսդիր մարմնի մի շարք որոշումների, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո տարբեր միջազգային դատարաններին ուղղված դիմումներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում տարածվող պաշտոնական նամակագրություններում և նամակներում, Հայաստանը մինչ օրս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ՛՛,-հայտնել է Հաջիզադեն:

Բաքվում ուշադրություն են հրավիրել Փաշինյանի այն հայտարարությունների վրա, թե Հայաստանը ՛՛ռազմականացման լուրջ քաղաքականություն է վարում, վերջին տարիներին ստորագրվել են մի քանի միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագրեր, զարգացնում է իր ռազմական արդյունաբերությունը՛՛:

՛՛Նման կանխակալ հայտարարությունները խոչընդոտ են հանդիսանում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար: Ադրբեջանը, իր հերթին, շարունակելու է իր խաղաղարար եւ ստեղծարար ջանքերը եւ Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով՛՛,-եզրափակել է Հաջիզադեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: