ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանակի սպառազինության համալրումն իրականացնելու ենք ՀՀ իշխանությունների հետ համատեղ․ Արայիկ Հարությունյան

Բանակի սպառազինության համալրումն իրականացնելու ենք ՀՀ իշխանությունների հետ համատեղ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում լինելու եմ բոլորի նախագահը: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված հեռուստաբանավեճին հայտարարել է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։  

Նա նաև ասել է, որ որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի լինելու։

Հիշեցնենք, որ հեռուստաբանավեճին մասնակցում էր միայն Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայլիլյանը հրաժարվել էր մասնակցությունից։

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առանց Ստեփանակերտի ներգրավման Արցախի խնդրի լուծում հնարավոր չէ։

Նա վստահեցրել է, որ հող զիջելու հարց իրենց օրակարգում չկա։

Արցախի նախագահի թեկնածուի խոսքով՝ խաղաղության միակ երաշխավորը հայոց բանակն է և նրա մարտունակությունը, սպառազինության համալրումն իրականացվելու է ՀՀ իշխանությունների հետ համատեղ։

«Պետք է կարողանանք ուժեղ բանակ ձևավորել, ունենալ պատրաստված պահեստազոր»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Նա նաև խոսել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ եթե համաճարակը երկար տևի, տնտեսական աղետ է սպասվում։

«Հայաստանի և Արցախի համար գլխավոր խնդիրը պարենային անվտանգությունն է։ Գյուղատնտեսությունը պետք է լինի մեր առաջնահերթությունը, պետք է վերակառուցենք գյուղատնտեսական ենթակառուցվածքները՝ մասնավորապես ոռոգման համակարգը, պետք է խթանենք երկրում շինարարության ոլորտը»,- նշել է նա։

Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ վարակի տարածումը հուշում է, որ Արցախում առողջապահությունը պետք է լինի անվճար, և այդ հարցը այլևս քննարկվում։ 

Նախագահի թեկնածուն ողջունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշումը և հորդորել քաղաքացիներին հետևել Պարետի ցուցումներին՝ պահպանել բոլոր սոցիալական կանոնները։

Արայիկ Հարությունյանը կոչ է արել տարեցներին, առողջական խնդիրներ ունեցողներին չմասնակցել քվեարկությանը և չվտանգել առողջությունը։

  • Կիսվել: