Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում շարունակվում են նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

«Տեղադրվել են նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանները։ Ընդհանուր առմամբ, կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծաններից, որոնցից 24-ն արդեն արտադրված են և պատրաստ են տեղադրման։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման մեկնարկը տրվել էր նախորդ տարվա գարնան վերջին։
Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը»,- նշված է գրառման մեջ։