Բագրատ Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի ու արդեն արել է, մնացել է քաղաքական թաղումը. Սաղաթելյան
Բագրատ Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի ու արդեն արել է, մնացել է քաղաքական թաղումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախ փաստել է, որ հայ ժողովուրդն այս իշխանությունների՝ երկիրը հանձնելու օրակարգին դեմ է և հաշտ չէ։
Սաղաթելյանը, մասնավորապես, նշեց. «Շարժումը նաև փաստել է, որ Նիկոլը չունի լեգիտիմություն և հայ ժողովրդի հետ կապ չունի։ Այս կարևոր արձանագրումներից այսօր ՔՊ-ն չի կարող խուսափել։ Երրորդ՝ փաստել է , որ այս մարդն իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր արյուն թափել, նոր բռնությունների գնալ, բայց նաև արձանագրել է, որ ժողովուրդը նույնիսկ կրակոցից հետ չի գնում»։
Նա անդրադարձավ նաև ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած բռնություններին և պայթուցիկների կիրառմանը:
«Մի ժամվա ընթացքում 25 նռնակ են նետել ժողովրդի վրա, նախորդ 30 տարվա ընթացքում 25 նռնակ չեն նետել ժողովրդի վրա նման դեպքերում։ Լուսաձայնային նռնակների տեսակներ կան, էս դեպքում կոնկրետ մարդկանց ձեռք է կտրվել։ Էդ մարդու որդին ասել էր՝ եթե Տավուշից 1սմ տամ, ձեռքս կկտրեմ, ինքը տվեց, բայց կտրեց մեկ այլ քաղաքացու ձեռք։ Էս արյունն իրա վզին է։ Ինքը փրկության ճանապարհ չունի, որովհետև հակահայ է»,-ասաց Սաղաթելյանը:



