կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բացարձակապես անընդունելի կլինի Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ուժի կիրառումը. կոնգրեսական Թոմ Քին

Բացարձակապես անընդունելի կլինի Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ուժի կիրառումը. կոնգրեսական Թոմ Քին

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Թոմ Քինը բացարձակապես անընդունելի է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ:

«Սեպտեմբերի 19-ին էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների պատճառով 100 հազարից ավելի հայ ապաստան գտավ Հայաստանում: Այդ մարդիկ ունեն միջազգային մարդասիրական աջակցության խիստ կարիք: Չնայած Ադրբեջանը պնդում է, թե կապահովի էթնիկ հայերի իրավունքները, վստահություն այդ հարցում չկա երկու կողմում էլ: Մենք Կոնգրեսում ուշիուշով կհետևենք Ադրբեջանին, որպեսզի երաշխավորենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ հարգում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:

Մենք պետք է ապահովենք, որպեսզի տևական խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար երաշխավորի ավելի լավ կյանք: Պետք է հասկանալ, թե գործող վարչակազմն ինչպես է աշխատում միջազգային հանրության հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Այս պահին Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի հայ որպես փախստական բնակվում է Հայաստանում: Մենք չենք կարող թույլ տալ, որ տարածաշրջանը ցնցվի ևս մեկ պատերազմից՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող հակամարտությունները: Պետք է նաև պարզենք, թե ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Փաուերի հայտարարած ավելի քան 11 միլիոն դոլարի աջակցությունն ինչպես է օգտագործվում:
Ես խորապես հիասթափված եմ, որ Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը: Դա միայն խորացրել է երկու կողմերի միջև անվստահությունը: Կցանկանայի լսել, թե այսօրվա զեկուցողներն ինչպես են նախագահ Ալիևին հասցնում այն ուղերձը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ուժի կիրառումը, ներառյալ՝ Սյունիքի մարզը, բացարձակապես անընդունելի կլինի: Ես ցանկանում եմ տեսնել խաղաղ տարածաշրջան, որը զերծ է Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից»,- ասել է կոնգրեսականը:

  • Կիսվել: