երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին․ Գագիկ Ծառուկյանի խոսնակը՝ Հանրայինի տեսանյութի մասին

Բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին․ Գագիկ Ծառուկյանի խոսնակը՝ Հանրայինի տեսանյութի մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը անդրադարձել է երեկ Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակված «Դատախազությունը պահանջում է Ծառուկյանին պատկանող շքեղ առանձնատունը, նաև 86 մլրդ դրամ» վերտառությամբ տեսանյութին՝ այն որակելով «բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից և ոչ ավելին»։

«Ի պատասխան երեկ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված և հետագայում մի քանի այլ լրատվամիջոցներով տարածված տեսանյութի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների հարցումների՝ կարող եմ նշել, որ վերոնշյալ տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ առիթ ունեցել եմ ասելու, որ կա օրենք, կա իրավական գործընթաց, կա փաստաբանական խումբ, կա բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու պատրաստակամություն: Եվ այս պայմաններում նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը: Զարմանալի զուգադիպությամբ հանրության ուշադրության շեղմանն ուղղված նմանատիպ սյուժեները պատրաստվում են հենց մեր երկրի իրական բարդ օրակարգի և ռիսկերի ահագնացման փուլում:

Ի դեպ, նույն սյուժեում կա մի ձևակերպում, ըստ որի, Գագիկ Ծառուկյանը գործարարությամբ սկսել է զբաղվել 80-ական թվականներին:  Միայն այս միտքը բավական է տեսանյութում հնչեցված մյուս փաստարկների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար:

Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա փաստաբանական խումբը զբաղվում է նյութերի ուսումնասիրմամբ և եթե հարկ լինի՝ նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն գործընթացում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

 
Կից ներկայացնում ենք նաև Հանրային հեռուսատաընկերության ռեպորտաժը։

  • Կիսվել: