երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել արդեն հաջորդ շաբաթ. Բադասյան

Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել արդեն հաջորդ շաբաթ. Բադասյան

Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Անցակետը գրեթե պատրաստ է, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պարտաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել»,- ասաց նա։

Բադասյանի խոսքով՝ որակի մասով հսկողություն է իրականացվում։

Նա պարզաբանեց, որ Մարգարայի անցակետի կառուցման համար մեկ անձից են գնում կատարել, որովհետև շտապողականության հարց է եղել, կարճ ժամկետում պետք է ավարտեին աշխատանքները։

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ մեկ անձից գնումը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում։

Բադասյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթևեկության մասով համաձայնություն չի էլ եղել:

«Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- նկատեց ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն։

  • Կիսվել: