Բաց կլինի Էջմիածնից ելքի 3 ճանապարհ․ կառավարությունը կքննարկի հավելյալ միջոցներ ձեռնարկելու հարցեր
Էջմիածին քաղաքից առկա 27 ճանապարհները հիմնականում կփակվեն, բաց կլինեն միայն երեքը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկել ենք Էջմիածնում հավելյալ միջոցներ ձեռնարկելու հարցը: Պետք է խնդրենք էջմիածինցիներին այսօր ժամը 23:00-ից քաղաքից առկա 27 ելքերից միայն երեքից օգտվել: Խնդրում ենք երթևեկել Վաղարշապատ-Երևան, Վաղարապատ-Աշտարակ, Վաղարշապատ- Մասիս ճանապարհներով: Մնացած բոլորը փակ կլինեն: Տեղերում արագ ջերմաչափում կիրականացվի, այն քաղաքացները, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսանալ»,-ասաց նա և տեղեկացրեց, որ երկուշաբթի՝ մարտի 16-ին, կառավարությունում կլինեն քննարկումներ, կանդրադառնան որոշ հավելյալ միջոցներ ձեռնարկելու հարցերին:
Իր խոսքում վարչապետը նաև անդրադարձ կատարեց H1N1 վիրուսի հետ զուգահեռներ անցկացնելու խնդրին։
«Խոսվում է H1N1 վիրուսի հետ զուգահեռների մասին: Եթե հիշում ենք տարածման դեպքեր եղան 2009 և 2016 թվականներին: 2016 թվականին այդ վիրուսից գրանցվել էր 30 մահ, իսկ 2009 թվականին՝ շուրջ 50: Այն ժամանակ այսպիսի տրամադրություններ չկային, ինֆորմացիոն տեխնոլոգիաները պասիվ էին, գուցե համացանցի ազատության այն աստիճանը չկար Հայաստանում: Սա, իհարկե, չեմ ասում այն բանի համար, թե խոսքի, համացանցի ազատության աստիճանը նեգատիվ բան է, պարզապես ասում եմ, որ հասկանանք, թե ինչու է վիճակն այսպիսին: Փառք Աստծո, մենք այսօր ավելի լավ վիճակում ենք գտնվում: Այսպես ասած ռիսկի գոտում գտնվող ընդամենը երկու պացիենտ ունենք, մեկը 67, մյուսը 71 տարեկան է: Նրանք ինքնազգացողությունը լավ է»,-ասաց վարչապետը:


