հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Բա գայիք քննարկմանը». Ալեն Սիմոնյանը անջատել տվեց Գեղամ Մանուկյանի խոսափողը

«Բա գայիք քննարկմանը». Ալեն Սիմոնյանը անջատել տվեց Գեղամ Մանուկյանի խոսափողը

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 16-ին, 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն ստացավ և ասաց. «Այս նախագծի հետ կապված. բնական է, որ  անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության  անցնելու ցանկացած նախաձեռնություն,  դա խրախուսելի է և  այս օրինագիծը միտված էր դրան։ Բայց պետք է արձանագրել,  որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է  2017 թվականին, այն տապավել է 4 տարիների ընթացքում այս  իշխանության օրոք»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ. «Բա օրենքի քննարկման ժամանակ գայիք»,- ասաց Սիմոնյանը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել մեկնաբանելու համար իրենց ձեռնպահ քվեարկելը: Նա շարունակում էր իր խոսքը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը։

Նշենք, որ այս օրինագծով նախատեսվում է, որ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար:

Նախաձեռնության համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:

Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից:

  • Կիսվել: