հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ազնիվ կլիներ՝ ԲԴԽ-ն նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա. Փաստաբան

Ազնիվ կլիներ՝ ԲԴԽ-ն նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա. Փաստաբան

Ամբաստանյալը դատական նիստին չի ներկայանում, նրա պաշտպանն էլ ասում է, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ներկայանալ դատարան։ Դատավոր Բախշիյանն էլ որոշում է կայացնում ամբաստանյալին կալանավորելու վերաբերյալ։ ԲԴԽ-ն քրեական հետապնդման թույլտվություն տալու որոշում կայացնելուց արդեն իսկ ընդունել է, որ առերևույթ դատավորը անձին կալանավորել է ակնհայտ ապօրինի, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Նույնիսկ չանդրադառնալով այն հարցին, թե Բախշիյանը օրինական, թե անօրինական է անձին կալանավորել, ԲԴԽ որոշումից հետո արդարացի հարց է ծագում.

ԲԴԽ-ի կողմից կալանքի նման բարձր չափանիշ սահմանելուց հետո ինչպե՞ս է հենց ինքը ԲԴԽ-ն դատավորին կալանավորելու թույլտվություն տվել (հաղթահարելով իր իսկ կայացրած որոշման բարձր նշաձողը) և նման պայմաններում քանի՞ դատավոր պետք է կալանավորվի այս հոդվածով, առնվազն գոնե այն գործերով, որով վերադաս դատական ատյանները ստուգելով կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը կայացրել են որոշումներ անձանց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

Ազնիվ կլիներ, որ ԲԴԽ-ն թույլտվություն տալուց նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա։

Ձեռքներդ հեռու պահեք մեր երկրից, պարոնա՛յք։ Սա նաև ձեր երեխաների ու թոռների երկիրն», - գրել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Նշենք, որ Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

  • Կիսվել: