Կառավարման համակարգը խորհրդարանականից կիսանախագահականի անցնելու մտադրություն չկա. նախարար
Ականջալուր լինելով հասարակության պահանջներին՝ հասկացել ենք, որ սահմանադրական բարեփոխումները հասունացել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ դատական համակարգում փոփոխություններն այնպես պետք է ձևավորեն, որպեսզի դատական համակարգի վերաբերյալ վստահությունն ավելանա․ «Եթե կարողանանք այնպիսի մոդել ընտրել, որով վստահությունը բարձրացվի, ակնհայտ է, որ կնպաստի։ Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»։
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հայտարարություններին, թե 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ Սահմանադրությունը նախկինում փոփոխվում էր տասը տարին մեկ, սակայն վերջին փոփոխությունը կարելի է Հայաստանի պատմության մեջ խայտառակություն անվանել։
Խոսելով ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի օրենսդրական փոփոխությունների թեմայից և դրան հետապնդող բարեփոխումների հարցին, արդարադատության նախարարը նշեց, որ վաղ կենսաթոշակային համակարգին անցնելու համար դեռ ժամանակ կա, որի համար սպասում են. «Կսպասենք, կտեսնենք՝ վաղ կենսաթոշակը կաշխատի՝ կաշխատի, չի աշխատի՝ չի աշխատի։ Սա ճգնաժամը հաղթահարելու արագ քայլ է։ Այս փոփոխությունը հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում, և մենք չենք պատրաստվում ուղղակի իրավիճակային լուծումների համար Սահմանադրություն փոփոխել», - ասաց նախարարը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք կա մտադրություն, որ կառավարման համակարգը խորհրդարանականից կիսանախագահականի կանցնի, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ նման մտադրություններ չկան։