ԱԺ-ում պարբերաբար տեղի են ունենում սադրիչ միջադեպեր, սակայն իշխանությունները պատժի չեն արժանանում․ ընդդիմադիր պատգամավոր
Մհեր Սահակյանը բազմիցս հորդորել է, որ Վլադիմիր Վարդանյանը պատշաճ վարք դրսեւորի, դրանից հետո նույն ոճը կրկնվել է, տոնը ավելի բարձրացնելով մոտեցել է Մհեր Սահակյանին եւ վերջինս դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՔՊ-կան Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցությունից Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:
«Խնդիրն այն է, որ ԱԺ-ում պարբերաբար տեղի են ունենում նման միջադեպեր, իշխանությունները պատժի չեն արժանանում: Նույն գործելաոճը օրեր առաջ տեղի է ունեցել նաեւ մեր մյուս գործընկերոջ՝ Թադեւոս Ավետիսյանի հետ: Նա ելույթ էր ունենում եւ Սիսակ Գաբրիելյանը դրսեւորեց պատգմավորին ոչ վայել վարքագիծ՝ մոտենալով, սադրելով, սադրանք՝ հրահրելով: Այսինքն նման միջադեպ կարող էր նաեւ Թադեւոս Ավետիսյանի հետ տեղի ունենալ եւ յուրաքանչյուրի հետ: Անպատժելիության մթնոլորտը օր օրի ավելանում է:
Խնդիրն այն է, որ այդ բոլորին համապատասխան գնահատական չի տրվում, իսկ այսօր ականատես ենք լինում քաղաքական որոշման, երբ դատախազությունը գալիս է ԱԺ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Մենք ականատես ենք ընտրովի արդարադատության: Մեր խնդիրը դրա դեմն առնելն են:
Մհեր Սահակյանն էլ, եթե օրենքն անցել է, պատրաստ է համապատասխան պատասխնատվությունը կրել, ոչ թե գործ սարքելու, ոչ թե ավելորդ բաներ իրեն վերագրելու»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով Մհեր Սահակյանի «գլխին սարքո՞ւմ են», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Այս ամենը դրա վառ օրինակն է: Սկզբից ասացին՝ ինչ-որ բնով է հարվածել, հետո հերքվեց: Հիմա նաեւ պարզվում է, որ Վլադիմիր Վարդանյանը տեղից վեր է կացել, իր ընկնելու վայրն էլ է հայտնի: Հնրավոր չէ մեկին իր նստած տեղում հարվծեն, ինքը 3-4 մետր այն կողմ թռնի, ընկնի»:
Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ այս պահին Մհեր Սահակյանի կալանավորման գործընթաց չկա, բայց չի բացառվում, որ մի օր նաեւ կալանքի հարց բարձրացվի, ինքը դրանից չի զարմանա:
Դիտարկմանը, որ ոստիկանությունում Մհեր Սահակյանի գրպանում ինչ-որ սուր-կտրող առարկա են գտել, Մարդու գրպանում տարբեր առարկաներ կարող են լինել, վտանգավոր բան չի եղել:
Նա նաեւ հավելեց. «Հայաստանում ամեն օր քաղաքացիներն իրենց քաղաքական հայացքների համար բռնությունների, հալածանքների են ենթարկվում, եւ ՄԻՊ-ի այս թեկնածուի առաջադրումը փաստում է, որ իշխանությունն ուզուրպացվում է, բոլոր համակարգերը պետք է լինեն իրենց լոյալ, իրենց հետ համերաշխ, իրենց որոշումները դակող մարդիկ»:



