հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ-ում Արծվիկ Մինասյանը հարվածներ է ստացել, պատռվել է վերնաշապիկը․ պատգամավորը պատրաստվում է միջադեպին իրավական ընթացք տալ

ԱԺ-ում Արծվիկ Մինասյանը հարվածներ է ստացել, պատռվել է վերնաշապիկը․ պատգամավորը պատրաստվում է միջադեպին իրավական ընթացք տալ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հեռացնելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ով ըստ Սիմոնյանի սադրող հայտարարություններ էր անում իր ելույթի ժամանակ և թույլ չէր տալիս նիստը շարունակվեր բնականոն ընթացքով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մանրամասներ է հայտնել ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև գրանցված միջադեպից:
 

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ միջադեպի ընթացքում ինքը հարվածներ է ստացել ոտքերին, ճակատին, պատռվել է վերնաշապիկը: Նա պնդեց, որ իրեն հարվածներ են հասցրել ԱԺ-ի անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության պետը և ծառայության մի խումբ աշխատակիցներ:

Նա հայտնեց, որ պատրաստվում է տեղի ունեցածին իրավական ընթացք տալ: «Ես հիմա այս հարցազրույցից հետո, երբ  մտնեմ նիստերի դահլիճ, իմ հարցի ժամանակ խոսելու եմ այս մասին»,- նշեց Մինասյանը:

Նշենք, որ ԱԺ-ում վատացել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Աննա Մկրտչյանի ինքնազգացողությունը, որին բուժօգնություն ցուցաբերելու համար Ազգային ժողով է ժամանել շտապօգնության մեքենա ։

  • Կիսվել: