չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը կարող է լինել ինքնանպատակ. Վարդանյան

ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը կարող է լինել ինքնանպատակ. Վարդանյան

Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը կարող է ինքնանպատակ լինել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորն ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ակտիվ ներգրավվել արդեն իսկ գործող Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներում:

«Եթե այդ հանձնաժողովի աշխատանքներն ուզում ենք ակտիվացնել, ապա պետք է  առավել ակտիվ ներգրավվենք այդ հանձնաժողովի աշխատանքների մեջ: Միջհանձնաժողովային շփումների մակարդակով մենք բազմում հանդիպումներ և համատեղ նիստեր ենք ունեցել, համատեղ որոշումների կայացման և իրագործման տեսանկյունից միջխորհրդարանական համագործակցության ֆորմատը չափազանց կարևոր է»,-ասաց նա:

Վարդանյանը նկատեց՝ ընդդիմության առաջարկած հանձնաժողովն, ըստ էության, իր առանձին ոլորտը չի ունենալու: «Շատ դեպքերում Արցախին վերաբերող ֆինանսավարկային կամ քաղաքական հարցերով մենք ստիպված դիմելու ենք գործընկերների այլ հանձնաժողովներից: Շատ դեպքերում կարող է իրավիճակ ստեղծվել, որ ինքնանպատակ է դառնում այդ հանձնաժողովի ստեղծումը»,-ասաց Վարդանյանն ու հավելեց, որ ինքն ինքնանպատակ հանձնաժողով չի ցանկանում տեսնել:

Նա հավելեց՝ հասկանում է խնդրի կարևորությունը, այն, թե ինչքան կարևոր է բոլորի համար շատ ավելի աչալուրջ զբաղել Արցախի հարցերով: «Բովանդակության առումով մենք իրար հետ համաձայն ենք: Ձևի առումով պետք է ընտրենք առավել արդյունավետ ձևը և ընթանանք առաջ»,-ասաց Վարդանյանը:

Նա հավատացրեց, որ հասկանում է ընդդիմության արդար մղումները՝ առավել ակտիվ լինելու և ընդգրկված լինելու Արցախի հարցում, վստահեցրեց, որ իշխանությունն ու նրանք այդ հարցում դաշնակիցներ են, բայց ձևի հետ կապված պետք է  լրացուցիչ քննարկումներ ունենան: Ըստ իշխանության՝ այդ հանձնաժողովի ստեղծում մատնանշվող հարցերը չի լուծում:

«Մենք շարունակում ենք պայքարել և պայքարելու ենք, որպեսզի և Արցախի ժողովուրդն ապահովի իր ինքնորոշման իրավունքը և մենք ունենանք Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծում»,-ասաց նա:

 

  • Կիսվել: