ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր

ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինիի հետ: Այս մասին հայտնեցին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հետաքրքրվել է նախօրեին տեղի ունեցած «ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը եւ ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» խորագրով քննարկումներով, որը նախաձեռնել էր «Դիալոգ» կազմակերպությունը` ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ:

Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ միջազգային կլոր սեղան ձեւաչափով Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների, կառավարությունների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկվել է «Ռուսաստանի արտաքին էներգետիկ քաղաքականությունը եւ Հայաստանը», «Հայաստանի էներգետիկ անվտանգության ժամանակակից կացությունը», «Հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղությունները», «Հայաստանի ատոմային էներգետիկան. իրավիճակը եւ զարգացման հեռանկարները», «Հայաստանի էներգետիկ համակարգը. ներդրումային գրավչությունը եւ ազատականացման խնդիրները», «Էներգետիկ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում եւ  ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» թեմաները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, կարեւորելով կազմակերպված միջոցառումը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հիմնական ձեռքբերումներից  կարելի է համարել Էներգետիկ անվտանգության բարձր մակարդակը, որը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման առաջընթացի հիմնական գրավականներից է:

Վահե Էնֆիաջյանը հետագա համագործակցության եւ օժանդակության պատրաստակամություն է հայտնել:

  • Կիսվել: