ԱԺ պատգամավորները Կանադայում հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ
ԱԺ պատգամավորները Կանադայում հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խորհրդարանական քարտուղար Էնթոնի Ռոտային։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան։
«Կանադայում հանդիպեցինք Նեկայացուցիչների պալատի խոսնակ Էնթոնի Ռոտային՝ ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները։ Անդրադարձ կատարվեց նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերի»,- գրել է Պապոյանը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ևս անդրադարձել է հանդիպմանը։
«Նախօրեին հանդիպեցինք Կանադայի ներկայացուցիչների պալատի նախագահ Էնթոնի Ռոտայի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Կանադայի պառլամենտական կենտրոնը։
Շատ լավ առիթ էր ոչ միայն խոսելու մեր երկու երկրների խորհրդարանների մասին, այլև բարձրաձայնելու Հայաստանին և Արցախին պատուհասած վտանգները:
Հանդիպմանը ընդգծեցի, որ՝
– Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,
– Հետևողականորեն իրականացնում է պատերազմական հանցագործություններ, որոնց համար աշխարհի կողմից արժանանում է ընդամենը անհետևանք դատապարտումների,
– Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ուստի ամբողջ աշխարհին՝ այդ թվում Կանադային, խնդրում եմ Ադրբեջանի նկատմամբ սահմանել կոնկրետ պատժամիջոցներ։
Շնորհակալություն հայտնեցի Կանադային՝
– Դաշնային օրենսդիր (2004 թ.) և գործադիր իշխանությունների մակարդակներով Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու,
– Արցախի անկախությունը ճանաչելու հարցը խորհրդարանական մակարդակով քաղաքական դիսկուրս մտցնելու,
– 2020թ. պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 5-ին, դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների կասեցման համար։ Ինչպես գիտենք, կանադական ընկերությունը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային` Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում դուստր ձեռնարկության` Rotax-ի կողմից արտադրված որոշ ավիաշարժիչների` պատերազմի ընթացքում օգտագործման պատճառով։
– Կանադայի մեր գործընկերոջը ահազանգեցի, որ մոտ 130 հազար բնակիչ ունեցող Արցախին այս ծանր իրավիճակում մենակ թողնելը լինելու է հանցագործություն․ Արցախի ժողովուրդն ունի աշխարհի աջակցության կարիքը, և բոլորից ակնկալում ենք Ադրբեջանի նոր ցեղասպանության կանխարգելում։

Քննարկեցինք նաև ժողովրդավարության մարտահրավերներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերելի մի շարք այլ հարցեր»։



