ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ օրակարգից հանվել է դատավորների ընտրության հարցը. Ո՞րն է պատճառը

ԱԺ օրակարգից հանվել է դատավորների ընտրության հարցը. Ո՞րն է պատճառը

Ազգային ժողովի նիստի օրակարգից դուրս է հանվել Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրության հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե որն է պատճառը:

«Մամուլում տեղեկություններ կան, թե դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվելուն մասնակցել, կխնդրեի պարզաբանել և ԲԴԽ-ից պարզաբանում պահանջել՝ նման բան կա, թե ոչ»,- ասաց Մարուքյանը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ ԲԴԽ նախագահն իրեն նամակ է գրել, որում, մասնավորապես, ասված է, որ թեկնածուները տեղեկացվել են նիստի համար հեռախոսազանգով, ինչը պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել:

«Բացի այդ, դատավորները պետք է խոսեին դատական իշխանության խնդիրների մասին, իրենց ելույթներում անդրադառնային դատավորների նյութատեխնիկական հարցերին, դատարանների ծանրաբեռնվածությանը և այլն, սակայն հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը՝ իրատեսական չէ դատական իշխանությանը հուզող այս խնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այս պատճառով ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել»,- ասաց Միրզոյանը և հավելեց, որ իրենք ընդառաջել են այդ խնդրանքին և հարցի քննարկումը հետաձգել են:

  • Կիսվել: