հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորության ու այլ տարբերակներ. Ինչ է քննարկել «Իմ քայլը»

ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորության ու այլ տարբերակներ. Ինչ է քննարկել «Իմ քայլը»

Փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պատգամավոր  Համազասպ Դանիելյանը՝ նշելով, որ խոսել են Սահմանադրական հնարավոր փոփոխությունների, ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորության ու այլ տարբերակների մասին:

«Փետրվար ամսվա ընթացքում մենք նախ հանրային քննարկման, ապա շրջանառության մեջ ենք դնելու Ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ օրենսգրքի այն հատվածը, որը վերաբերում է ընտրակարգին և մնացած հատվածներին: Երբ դեռ 1.5 տարի առաջ ծրագրում էինք ընտրական բարեփոխումները, գաղափար կար, որ հիմնական մասին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո, որովհետև ընտրակարգում կան դրույթներ, որոնք կարգավորված են Սահմանադրությամբ»,- ասաց Դանիելյանը:

Պատգամավորը նշեց՝ այսպիսով սահմանադրական փոփոխություններ դեռևս տեղի չեն ունեցել, բայց Ընտրական օրենսգրքի փաթեթը, մեծ հաշվով, պատրաստ է: Եվ իրենք խմբակցությունում քննարկել են ԱԺ-ում որոշակի սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Նա շեշտեց, որ այդ փոփոխությունները բնականաբար պետք է լինեն ԱԺ-ի լիազորություններում: «Մի քանի տարբերակ ենք քննարկել, դեռ քննարկումները շարունակվում են»,-ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է իրենց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տալու գաղափարը՝ նա ասաց, որ նաև այդ մասին են խոսել: «Տարբեր գաղափարներ են, մեկ կետ չէ, բազմաթիվ կետեր են՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված և այլն»,-նշեց նա:

  • Կիսվել: