կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: 

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հարցի քննարկումը հետաձգվում է հիմնական զեկուցողի բացակայության հիմքով:

«Նախագծի համահեղինակ և հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ նախապես քննարկվել և ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ նախագծի վրա որոշակի աշխատանքներ կատարելու նպատակահարմարությունից ելնելով ժամանակ է հարկավոր, ուստի և դրանով է պայմանավորված հարցի քննարկման հետաձգումը և զեկուցողի բացակայությունը»,- հստակեցրեց Հայրապետյանը:   

Նշենք՝ նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում, կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»:

  • Կիսվել: