հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է չափումների իրականացման թափանցիկության բարձրացմանն առնչվող նախաձեռնությունը

ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է չափումների իրականացման թափանցիկության բարձրացմանն առնչվող նախաձեռնությունը

«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին:

Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը՝ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել ոլորտային բացթողումներն ու խնդիրները, սահմանել նոր իրավակարգավորումներ:

Մանրամասնելով օրենքում իրականացվող փոփոխությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նշել է, որ ընդլայնվել է օրենքի կարգավորման առարկան, սահմանվել են նաև պահանջներ՝ մեծությունների չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և մեթոդների պահպանման ու կիրառման վերաբերյալ: Վերանայվել և ճշգրտվել են մի շարք սահմանումներ, ներդրվել նոր տերմիններ:

«Չափագիտության ազգային մարմնի լիազորությունները հստակեցվել և ընդլայնվել են՝ ներառելով ոչ միայն ազգային չափանմուշների պահպանումը, այլև նոր գործառույթներ են սահմանվել, օրինակ՝ թանկարժեք մետաղների սարքավորումների փորձաքննություն և չափագիտական խորհրդի ստեղծում»,- ընդգծել է Նարեկ Հովակիմյանը: Նրա տեղեկացմամբ՝  նաև ընդլայնվել են տեսչական մարմնի լիազորությունները. ներառվել են փաստաթղթերի ստուգման և տեխնիկական միջոցներով վերահսկողության գործառույթներ:

Զեկուցողի խոսքով՝ փոփոխությունները կնպաստեն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, տնտեսության և հասարակության համար կարևոր ոլորտներում չափումների արդյունքների նկատմամբ վստահելիության ապահովմանը և օրենսդրական կրկնությունների նվազեցմանը:

Հանձնաժողովի անդամները ողջունել են Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները, խոսել ոլորտում առկա խնդիրների մասին, կարևորել տնտեսվարողների իրավունքների պաշտպանությունը:

««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 24-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:

 

  • Կիսվել: