կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նախագահի և ԿԲ-ի խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նախագահի և ԿԲ-ի խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը

Փետրվարի 14-ին Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական կարողությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Նրա խոսքերով՝ խմբակցությունը ճիշտ որոշում է կայացրել այդ կարևորագույն պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունն առաջադրելու հարցում:

Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուն անդրադարձել է պետական ինստիտուտների դերին ու նշանակությանը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի ընթացքում կհաջողվի պետական բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատը բարձրացնել և հասցնել կայացման այլ աստիճանի: Բանախոսը, անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի առաջնահերթություններին, առանձնացրել է երկու ուղղություն՝ հանրային հարստության կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը:

ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով՝ Ատոմ Ջանջուղազյանը կառույցի համար լավ նախագահ կլինի: Նա անդրադարձել է «Հաշվեքննիչ պալատի մասին» գործող օրենքին և նշել, որ այն ունի թերություններ, որի հետևանքով կառույցը բազմաթիվ հարցերի մոտենում է ձևական՝ ոչ բովանդակային: Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցը:

Լևոն Սահակյանի կենսագրական տվյալներն ու մասնագիտական հմտությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Նա կարևորել է Կենտրոնական բանկի խորհրդի գործունեությունը և նշել, որ կառույցին անհրաժեշտ են ինչպես գիտական, այնպես էլ գործնական փորձառնություններ ունեցող մարդիկ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուն համոզմունք է հայտնել, որ տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական և ակադեմիական աշխատանքային փորձը լավագույն ձևով կկարողանա օգտագործել ԿԲ խորհրդի անդամի կարգավիճակում: Լևոն Սահակյանն անդրադարձել է համակարգի առկա իրավիճակին, խոսել ֆինանսական կայունության և գնաճի մասին:

Թեկնածուն պատասխանել հարցերի, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցերին:

  • Կիսվել: