չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ազգային առաջընթացի» վերջնանպատակը ՀՀ-ում ամբողջական իշխանություն ձևավորելն է և այդ ճանապարհին մենք արել ենք առաջին մեծ քայլը՝ դառնալով Ավագանու թվով երկրորդ ուժը

«Ազգային առաջընթացի» վերջնանպատակը ՀՀ-ում ամբողջական իշխանություն ձևավորելն է և այդ ճանապարհին մենք արել ենք առաջին մեծ քայլը՝ դառնալով Ավագանու թվով երկրորդ ուժը

Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող վերջի զարգացումների վերաբերյալ InfoPort.am-ը զրուցել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար, Երևնի Ավագանու համանուն խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հետ։  

Պ-ն Գրիգորյան, Դուք վերջերս հիմնականում կենտրոնանում եք մայրաքաղաքային խնդիրների վրա, սակայն հետաքրքիր կլիներ լսել Ավագանու երկրորդ ուժի տեսակետները ներքին և արտաքին գլոբալ գործընթացների վերաբերյալ ևս։ Մասնավորապես, վերջին շրջանում իշխանությունները շրջանառության մեջ են մտցրել «Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման» մասին թեզը՝ հայացքը հաճախակի Հյուսիսից ուղղելով դեպի Արևմուտք, ինչպե՞ս եք վերաբերվում Դուք այս գործընթացներին։

- Պետք է նշեմ, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը մշտապես ունեցել է և ունի իր տեսլականները երկրի ներսում և նրա շուրջ կատարվող գլոբալ գործընթացների վերաբերյալ, այլ հարց, որ, լինելով Երևանի Ավագանու մեծությամբ երկրորդ ուժը, ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորություններից ելնելով, մեծ ուշադրություն ենք դարձնում մայրաքաղաքային խնդիրների և դրանց լուծման վրա։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, մասնավորապես արտաքին քաղաքական վեկտորում նշմարվող որոշակի փոփոխություններին՝ պետք է նշեմ, որ դեռևս 2018 թվականից և հատկապես 44-օրյա պատերազմի օրերն «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հորդորել է այսպես կոչված «հեղափոխական իշխանություններին» վերանայել արտաքին կողմնորոշումը և տնտեսական ու քաղաքական առումով փորձել դուրս գալ ռուսական կախվածությունից՝ այլընտրանքային ու կայուն տնտեսական և ռազմական կապեր հաստատելով ԱՄՆ և եվրոպական զարգացած երկրների հետ։

Այս առումով մենք ողջունում ենք գրեթե բոլոր ոլորտները ձախողած այս կառավարության թեկուզև ուշացած կիսաքայլերը արտաքին քաղաքական վեկտորը վերանայելու ուղղությամբ։  

Պարոն Գրիգորյան, սակայն, համաձայնեք, խոսելը հեշտ է, գործելն է դժվար, իսկ կոնկրետ իրավիճակում նաև որոշակիորեն վտանգավոր: Շատ վերլուծաբաններ գտնում են, որ պաշտոնական Երևանի կողմից արտաքին ոլորտում նման կտրուկ «շարժումները» հղի են թե տնտեսական, թե անվտանգային սպառնալիքներով։ Դուք այդպես չե՞ք կարծում։

-Ոչ, չեմ կարծում։ Կարծում եմ «շարժումները» պետք է լինեն ստեղծված իրավիճակին համահունչ, լինեն արագ, էական փոփոխություններով լի, ինչը, ընդհակառակը, կբերի մեր անվտանգային միջավայրի կայունացմանը։ Մեծ գործերը դանդաղ չեն անում՝ անում են կտրուկ, արագ, բայց գրագետ։

Դարձյալ պետք է կրկնեմ, կտրուկ «շարժումների» վտանգը հաշվարկվա՞ծ է։ Օրինակ, ի՞նչ կլինի, եթե ամռան շեմին տևական ժամանակով փակվի Լարսի անցակետը, կամ ՌԴ-ն բենզինի քվոտա չտրամադրի ՀՀ-ին (երևի գիտեք, որ վերջերս Ռուսաստանը սահմանափակել է վառելիքի էքսպորտը), կամ «հանկարծ» Մոսկվան որոշի վերանայել գազի գինը, կամ «չկարողանա» Ատոմակայանի վառելիքը մատակարարել։

-Հենց այդ պատճառով էլ հստակ շեշտում եմ` քանի ՀՀ-ը տնտեսությունը գրեթե ամբողջովին փոխկապակցված և կախված է Մոսկվայի քմահաճույքներից, «շարժումները» չեն կարող լինել դանդաղ կիսաքայլերի տեսքով, դրանք պետք է լինեն արագ և կտրուկ որոշումների հետևանք։   Կիսաքայլերը ու անտեղի զգուշավորությունը ի վնաս մեզ է աշխատում, ժամանակը մեր դեմ է գործում։ Օրինակ, եթե զենքի գնման գործընթացի դիվերսիֆիկացիան սկսվեր 2021 թվականից, ես կարծում եմ, որ մեր ԶՈՒ-ն այսօր շատ ավելի մարտունակ կլիներ։

Ամեն դեպքում, Դուք այդպես էլ մատնացույց չարեցիք նշվածս խնդիրների այլընտրանքային լուծումները․․․ Ըստ Ձեզ որո՞նք են, օրինակ, նույն էներգետիկ, կամ լոգիստիկ բնագավառներում այլընտրանքները ՀՀ-ի համար արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում։

-Լոգիստիկ առումով այլընտրանքը Վրաստանն է, իսկ ԵԱՏՄ շուկային կարող է փոխարինել ԵՄ շուկան, ճիշտ է, սկզբնական շրջանում բարդ է լինելու, մենք պետք է վերափոխենք մեր տնտեսության թե բովանդակությունը, թե որակը։ Անշուշտ մենք չենք կարող ԵՄ շուկա արտահանել չմշակված գյուղմթերք, ինչպես անում ենք ԵԱՏՄ պարագայում, բայց կարող ենք մեծ հաջողությամբ արտահանել գյուղատնտեսական վերամշակված արտադրանք՝ պահածոների տեսքով։ Նույնը վերաբերվում է տնտեսության  այլ ոլորտներին՝ թեթև արդյունաբերությանը, քիմիական արտադրությանը՝ որակյալ, մրցունակ արտադրանքի պարագայում եվրոպական շուկաները բաց կլինեն հայաստանյան տնտեսվարողների համար։ Նորից եմ կրկնում դրա համար ժամանակ և հավելյալ ջանքեր կպահանջվեն, բայց, ժողովրդի խոսքով ասած՝ «չկա չարիք, առանց բարիք»՝ ՀՀ-ն հումք արտահանող երկրից կարող է վերածվել բարձրորակ արտադրանք արտահանող երկրի։ Ինչ վերաբերվում է լոգիստիկային, ապա նշեցի, արտահանումը և ներմուծումը կարող է տեղի ունենալ Բաթումի նավահանգստի միջոցով։

Էներգետիկ ոլորտում մեր այլընտրանքը կարող է լինել հարևան Իրանը։ Ես չեմ կիսում այն տեսակետները, որ Իրանը առանց ՌԴ-ի, այսպես ասած «դաբրոյի», տարածաշրջանում չի կարող ինքնուրույն գործել, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է իր բարեկամ և անմիջական հարևան Հայաստանին։

Իսկ ի՞նչ կասեք արտաքին քաղաքական այս շրջադարձերի անվտանգային ռիսկերի մասին։ Ուկրաինայի ճակատագիրը, համենայն դեպս, պետք չէ մոռանալ։ Ի՞նչ եք կարծում, նման սցենարի կրկնություն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության պարագայում հնարավոր է տեղի ունենա Հայաստանում։

-Ուկրաինան լրիվ այլ պատմություն է, ՆԱՏՕ֊Ռուսաստան հակամարտության գոտի է, Ուկրաինայի շրջադարձը ոչ միայն տնտեսական ու քաղաքական էր, այլև հակառուսական ու պրոՆԱՏՕ-ական։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Նաև նրանք ունեն ցամաքային սահման Ռուսաստանի հետ և էթնիկ ռուս փոքրամասնություն իրենց տարածքում, ինչը էական հանգամանքներ են։ Ես հեռու եմ այն մտքից, որ մեր պարագայում ՌԴ-ն չեզոքություն կպահպանի, ենթադրում եմ, որ մեր դեմ, որպես հարձակման գործիք, նորից կօգտագործվի Ադրբեջանը։ Սակայն ճիշտ արտաքին քաղաքականության դեպքում այդ վտանգը կարող է չեզոքացվել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների զսպող մեխանիզմների շնորհիվ։

Անցնենք արցախյան թեմային, ՀՀ ներկայիս իշխանությունները, կարծես, վերջնականորեն իրենց համար փակել են այդ թեման, և փորձում են նաև այդ մոտեցումը սերմանել հանրության շրջանում, Դուք այս առնչությամբ ի՞նչ մոտեցում ունեք։

-Ես կարծում եմ՝ մենք իրավունք չունենք վերջնական փակել Արցախի էջը, ընդհակառակը մենք պետք է տարբեր գործիքների միջոցով «տաք» պահենք այս թեման, այնքան ժամանակ, որ տնտեսապես և ռազմապես հզորանալով, վերջնականապես վերականգնենք պատմական արդարությունը։

Որպես միջանկյալ լուծում կարող է լինել արցախահայության վերադարձը հայրենիք, բայց միայն ու միայն կայուն ու վստահելի անվտանգային միջավայր ապահովելու պարագայում, որի երաշխիքը պետք է լինի բազմազգ հզոր խաղաղապահ կոնտինգենտը՝ հստակ ամրագրված մանդատով ու պարտավորություններով։   

Անցնենք ներքաղաքական հարցերին․․․ Ի՞նչ եք կարծում, ՀՀ-ում արտահերթ գործընթացներ սպասվում են?

-Հայաստանի նման անկայուն երկրներում ամեն ինչ կարելի է սպասել և ոչինչ չի կարելի բացառել, ուստիև, այս պարագայում, կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Ամեն դեպքում, այս ամենը հաշվի առնելով, մենք պատրաստ ենք տարբեր զարգացումներին։  

Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ դուք պատրաստվում եք մասնակցել նաև համապետական ընտրություններին․․․

-Ցանկացած քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է, հակառակը նոնսենս է։ Այս առումով մեր քաղաքական ուժը բացառություն չէ, մեր վերջնանպատակը նույնպես երկրում ամբողջական իշխանություն ձևավորելն է և այս ճանապարհին մենք արդեն իսկ արել ենք մեր առաջին մեծ քայլը՝ դառնալով մայրաքաղաքի Ավագանու մեծությամբ երկրորդ ուժը։ Տրամաբանական է, որ մեր նպատակի իրականացման ճանապարհին մենք պատրաստվում ենք մասնակցել երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացներին՝ այդ թվում համապետական և տեղական ընտրություններին։   

  • Կիսվել: