հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնների համար արդեն թեկնածուներ կան

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնների համար արդեն թեկնածուներ կան

Նախագահական նստավայրից արդեն հաստատեցին լուրերն այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատանքից ազատման դիմումները արդեն ստացվել են: InfoPort.am-ին ԱԱԾ-ի և ՊՆ-ի իր աղբյուրները հայտնեցին, որ թափուր մնացած պաշտոնների համար արդեն իսկ կան թեկնածուներ:

Այսպես ԱԱԾ տնօրենի պաշտոնին կնշանակվի տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը: Ի դեպ նա այս պահին արդեն նախկին տնօրեն Մարտիրոսյանի հետ ԱԱԾ բարձրաստիճան սպաների հետ խորհրդակցություն է անց կացնում: Թե կոնկրետ որն էր Մարտիրոսյանի պաշտոնանկության պատճառը հստակ հայտնի չէ:

Սակայն InfoPort-ը գրել էր, որ Մարտիրոսյանը դեռ օրեր առաջ էր պատրաստվել հրաժարական ներկայացնելու: Նրա վերջին շրջանի գործունեությունից երկրի բարձրագույն ղեկա վարությունը այնքան էլ գոհ չէր:

Ինչ վերաբերվում է ԳՇ պետի թափուր մնացած պաշտոնին, ապա այս տեղի համար քննարկվում է Գլխավոր շտաբի պետի տեղակալի Օնիկ Գասպարյանի թեկնածությունը: Այս պահին Պաշտպանության նախարարությունում նախարար Տոնոյանի գլխավորությամբ տեղի է ունենում խորհրդակցությունմ որին մասնակցում է ՊՆ և ԳՇ բարձրաստիճան սպայական կազմը: 

Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, ԳՇ պետի հրաժարականի պատճառը նրա որդու հարսանիքն է կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին: Առավոտյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ մինչև այսօր ժամը 12-ը հարցը պետք է քննարկվեր:

Ավելի վաղ Դավթյանը ասել էր, որ պատրաստ է կրել պատասխանատվություն, եթե որդու հարսանյաց արարողության ժամանակ օրենք է խախտել, թեպետ անձամբ այդպես չի կարծում: Իսկ պարետատնից InfoPort-ին փոխանցեցին, որ դեպքը ուսումնասիրվում է, և եթե պարզվի օրենքներ են խախտվել, խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

  • Կիսվել: