հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Այսօրվա չարիքի իշխանությունն ու այսօրվա խորհուրդն  անհամատեղելի են. Բագրատ Սրբազան

Այսօրվա չարիքի իշխանությունն ու այսօրվա խորհուրդն անհամատեղելի են. Բագրատ Սրբազան

Այսօրվա չարիքի իշխանությունն ու այսօրվա խորհուրդն  անհամատեղելի են։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում Հայաստանի առաջին Հանրապետության առիթով տոնակատարության ժամանակ ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանի խոսքով, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Հանրապետության հռչակման ամբողջ խորհուրդն այն է, թե ինչպես կարող է մի բուռ ժողովուրդ, լինելով գոյությանը, կենսագոյությանը, կյանքին լրիվ հակառակ պայմաններում՝  լքված, հիվանդ, ջարդված, ցեղասպանված, ոտքի կանգնել, հաղթանակել, հռչակել իր սեփական պետությունը։

Բագրատ Սրբազանը նշեց, որ դա նաև առաջնորդության խնդիր է. «Նրանք, ովքեր չվախեցան, առաջնորդեցին, հաղթանակն էլ կնքվեց։ Այդպես է նաև այսօր։

Պատկերացնում եք, եթե 107 տարի առաջ Գևորգ 5-րդ Վեհափառը, Արամ Մանուկյանը, գեներալները, մնացած բոլորը հանկարծ ասեին՝ ժողովուրդ, չենք կարողանում, գնանք իրական Հայաստանի հետքերով՝ այսօրվա չարիքի ասած։ Մենք այսօր  գոյություն կունենայի՞նք, ընդհանրապես։ Վստահաբար, չէինք ունենա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կունենայի՞նք, վստահաբար չէինք ունենա։

Հիմա այս չարքիներն ի՞նչ համատեղելիություն ունեն այսօրվա խորհրդի հետ։ Բացարձակ չունեն։ Պղծել, մսխել, ջարդել, փշրել են ամեն ինչ, գողացել են պատիվ, ուրախություն, ժողովրդին տևապես տանում են պարտության, ոչ թե հաղթանակի, ոչ թե երազների»։

Բագրատ Սրբազանը համոզված է, որ Արցախը նորից լինելու է հայկական. «Մեզ ուղղակի առաջնորդություն է պետք, ճշմարիտ, ուղիղ, տառապող, ցավող, տառապանքի ու ցավի միջից հաղթակներ կերտող առաջնորդություն է  պետք։

Ոչ միայն հավատում եմ, այլ համոզված եմ, որովհետև դա ցույց է տալիս աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ մեր խոսակցություններն ու հարաբերությունները, իրենց հարցադրումները, միաժամանակ այն մեծ ցավը, պատիվը  վերականգնելու ձգտումը, որ  գոյություն ունի մեր ժողովրդի մեջ։

Այլ ճանապարհ չկա, եթե ուզում ենք մեր հայրենիքում, մեր տանը ուժեղ ապրենք, պատվով ապրենք, այլ տարբերակ չունենք, բայց նախ պետք է ազատագրվենք այս չարիքից»։

  • Կիսվել: