չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այսօր ընդդիմությունը մեզ մեղադրում է դատարաններին նեղելու, խեղճացնելու մեջ՝ ժողովուրդ հիշեք ձեր անցյալը. ՔՊ պատգամավոր

Այսօր ընդդիմությունը մեզ մեղադրում է դատարաններին նեղելու, խեղճացնելու մեջ՝ ժողովուրդ հիշեք ձեր անցյալը. ՔՊ պատգամավոր

Ազգային Ժողովի արտահերթ նիստում ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն անդրադառնալով ընդդիմադիրների այն մեղադրանքին, թե դատական համակարգն ամբողջությամբ գտնվում է ընդդիմության ձեռքին՝ ընդդիմադիրներին մի պատմություն հիշեցրեց. «2013 թվականի ապրիլի 2-ին պայթեց հերթական քաղաքական սպանության լուրը, սպանվել էր Պռոշյանի գյուղապետը, որը դաշնակցական էր՝ Հրաչ Մուրադյանը: Ժամեր անց Ազատության հրապարակում Գեղամ Մանուկյանի շուրջ համախմբվեց ՀՀ ամբողջ ընդդիմադիր դաշտը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը:

Բոլորը միաբերան խոսում էին, որ այսպես չի կարելի, այս ամենը կանխամտածված և ծրագրված սպանություն էր, որ ոճրագործությունն անպատժելիության և անհանդուրժողականության մթնոլորտի հետևանք էր և որ սա հաստատ քաղաքական սպանություն էր և պետք է անհապաղ բացահայտվեին թե՛ կատարողները, և թե՛ պատվիրատուները: Այսպիսի խոսակցություններ էին պտտվում:

Թվում էր, թե հասարակության ամբարված համբերությունը կպայթի և ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ տեղի կունենան: Ցավոք, ոչինչ տեղի չունեցավ: Գեղամ Մանուկյանն ասաց, որ եթե ՀՀ-ի կոռումպացված դատարանները և արդարադատությունը չգտնեն կատարողներին, ապա դաշնակցականի ձեռքը չի դողա, իսկ Հրանտ Մարգարյանն էլ ասաց, որ եթե արդարադատության աստվածը չգտնի և չպատժի կատարողներին, ապա նրանց կգտնի Դաշնակցության Աստվածը և կպատժի:

Ոչ մի բան էլ չեղավ, դաշնակների ձեռքը դողաց, իսկ Դաշնակցության Աստվածն այդպես էլ լուռ մնաց: Եվ այսօր ընդդիմությունը մեզ մեղադրում է դատարաններին նեղելու, խեղճացնելու կամ արդարադատությունը քնեցնելու մեջ, ժողովուրդ հիշեք ձեր անցյալը»:

  • Կիսվել: