ԱԳ նախարարն անդրադարձել է հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ Վրաստանում առաջացած խնդիրներին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ Վրաստանում առաջացած խնդիրներին՝ նշելով, որ համապատասխան գերատեսչությունները զբաղվում են դրանով, սակայն այդ խնդիրը մեկ կամ երկու օրում լուծելու հարց չէ։
Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում։
«Ես տեղյակ եմ հայաստանյան կոնյակագործների՝ Վրաստանի սահմանը հատելու հետ կապված խնդիրներից, գիտեմ նաև, որ համապատասխան գերատեսչությունների միջև ընթանում են քննարկումներ, բացի այդ մեր գերատեսչությունները մշտական կապի մեջ են մեր արտադրողների հետ։ Ամեն ինչ այդքան միանշանակ չէ․ խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստական են առաջացվում, խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են հիմնավոր համարվելու»,- նշեց Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարը նաև ընդգծեց, որ կառավարությունը տեղյակ է խնդրի մասին, զբաղվում է, և առաջիկա օրերին որոշակի շարժ կլինի, սակայն հարցն ամբողջապես մեկ-երկու օրում չի լուծվի։
Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննություն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
Ակցիայի ընթացքում դեսպանությունում ընդունեցին արտադրողներից մի քանիսին՝ խոստանալով, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ժամանակահատվածում հանդես կգա հայտարարությամբ։ Սակայն, մնալով անարձագանք՝ դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։ Մեկ օր անց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։