հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Այսօր պետք է խոսել այն մասին, թե ինչպես Արցախը պետք է վերադարձվի հայերին. Լարիսա Ալավերդյան

Այսօր պետք է խոսել այն մասին, թե ինչպես Արցախը պետք է վերադարձվի հայերին. Լարիսա Ալավերդյան

Ցավոք սրտի, այսօր Ցեղասպանության մերժմանը միացել է օրվա իշխանությունը. դա շատերի համար անսպասելի է, բայց ես հիշեցնեմ, որ այս իշխանության եկած կուսակցությունը ստեղծվել է ուղիղ 10 տարի առաջ, հենց այդ նպատակով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ՔՊ-ն ստեղծվել է, որ փորձի պառակտում մտցնել հասարակության մեջ անգամ այդ անժխտելի հարցի հետ կապված. «Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է և որպես այդպիսին նա պարտավոր է պայքարել թե՛ ցեղասպանության կանխարգելման, թե դրա համար պատժի նպատակին։

Այն, որ Թուրքիան դա ժխտում է, դա միայն նշանակում է, որ նա դուրս է քաղաքակրթական այդ ընդհանուր հոսքից։

Ես կոչ կանեմ չտրվել պատմության հակառակը գնալու այդ փորձերին: Ցեղասպանության կանխարգելման համար պայքարի մեջ հայերը պիտի լինեն առաջնագծում»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, օրվա իշխանությունը ուղղակի համաձայնեցնում է իր քաղաքականությունը Թուրքիայի քաղաքականության հետ, այն է՝ մերժել ցեղասպանությունը որպես հանցագործություն. «Ցեղասպանագետները նշում են, որ ցեղասպանությանվերջին փուլը դրա մերժումն է։ Այսօր մենք ապրում ենք, այսպես ասած, ընթացող ցեղասպանության օրեր: Մենք պարտավոր ենք ոչ թե խոսել միայն, թե արցախցիները ինչպես վերադառնան Արցախ, այլ ինչպես Արցախը կվերադարձվի հայերին։ Դա մեր խնդիրն է և այսօր ճիշտ ժամանակն է դրա մասին հիշել»,-ասաց նա:

  • Կիսվել: