շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը. ՀՀ ԱԳՆ

Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջևանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի:

Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով:  

Դժբախտաբար Նախիջևանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլև նոր դրսևորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջևանը, իրականացրեցին նաև հայկական մշակութային ժառանգության համակարգված և զանգվածային ոչնչացումը: Արդյունքում ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում և այլուր: Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործողներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարներ  ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսևորում:

Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»:

  • Կիսվել: