Այսօր Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական այցով երեկվանից Հայաստանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
Ուշագրավ է, որ հյուպատոսության շենքում վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց այն հանդիսավոր արարողությամբ բացելու որոշում է կայացվել, ենթադրվում է՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։ Բանն այն է, որ, ինչպես հաղորդում են Սյունիքի մեր աղբյուրները, մարզային իշխանություններն անգամ տեղյակ չեն եղել այսօր սպասվող միջոցառման մասին, եւ այն, ըստ էության, կայացել է սպոնտան։
Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին որոշում կայացրել էր դեռ 2021-ի դեկտեմբերին, իսկ դրանից հետո Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակել Աբեդին Վարամին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



