շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները, իսկ իշխանությունն օգտվում է դրանից. Փոստանջյան

Այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները, իսկ իշխանությունն օգտվում է դրանից. Փոստանջյան

Իհարկե, պետք է լինեն դատավարություններ, ծանր հանցագործությունները պետք է պատժվեն, բայց դա չի կարող տեղի ունենալ անօրինական ճանապարհով, ընտրովի: Չի կարելի թիրախավորել մեկ անձի՝ օրինակ ՍԴ նախագահին:

Այս մասին այսօր «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Նա ընդգծեց. «Եթե նույնը պետք է անես, ինչպես քո նախորդները, դու նրանցից ոչնչով չես տարբերվում»:

Փոստանջյանի կարծիքով` բռնապետական ճանապարհով գնացող իշխանությունը հայտնվելու է ավելի դժբախտ իրավիճակում, քան նախորդները. «Եթե նախորդները դեռ շարունակում են ապրել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ապա գործող իշխանությանը մենք չենք կարողանալու պաշտպանել հաշվեհարդարներից, որովհետև նրանք հայտարարել են հաշվեհարդարների միջոցով գործելու ճանապարհը: Եթե վարչապետը դատավորին ասում է «վնգստացող», հետևաբար, բոլորը արդեն էստաֆետը վերցնում են»:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելուն, Փոստանջյանն ասաց, որ դա իրեն հիշեցնում է ստալինյան ժամանակները. «Այսօր տեսնում ենք մի բռնապետ, որ բղավում էր, թե դատավորները վնգստում են: Հիմա ժողովրդի անունից, «թավշյա հեղափոխության» անունից մարդիկ ցանկանում են իրենց քաղաքական նպատակներն իրականացնել: Այո, նախկինում բռնապետներ են եղել, բայց անկախ դրանից` մենք այսօր իրավունք չունենք նույն գործիքակազմով հետապնդել մարդկանց: Եթե մենք պետք է նախկինների հանդեպ վերաբերվենք էմոցիաներով, վրեժով, ապա չենք ունենալու առաջընթաց, ավելի է խորանալու ճգնաժամը»:

Նա նշեց նաև, որ այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները, և իշխանությունն օգտվում է դրանից:

Զարուհի Փոստանջյանը նաև անդրադարձավ Հրայր Թովմասյանի քրոջ`Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումը փակելուն` նկատելով, որ դա ևս բռնապետության դրսևորումներից էր. դա արվել է քաղաքական նկատառումներով. «Հաղորդումը, որ ուներ բավական բարձր վարկանիշ, սեփականատերը փակել է, որովհետև, կարծում եմ՝ քաղաքական ճնշում կա սեփականատիրոջ վրա»:

 

  • Կիսվել: