չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօր հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Վահագն Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահին

Այսօր հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Վահագն Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին ընդունել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իրաքը մերձավորաևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է. մամուլի ասուլիսի ժամանակ նշել է նախագահ Խաչատուրյանը: Իր խոսքով՝ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում: Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, հայ-իրաքյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Դուք Իրաքի առաջին նախագահն եք, ով պաշտոնական այց է կատարում Հայաստան, վստահ եմ, որ ձեր այցը նոր էջ կբացի հայ-իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև խորացման և ընդլայնման հզոր գիծ կհաղորդի բարեկամ պետությունների միջև, բազմոլորտ համագործակցության: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ՀՀ անկախությունից ի վեր արաբական երկրների հետ հարաբերությունները զարգանում են փոխվստահության և ջերմ բարեկամության մթնոլորտում, այսօր հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում: Երկկողմ օրակարգը բավականին ընդգրկուն է և ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ՝ առևտրային և տնտեսական հարաբերություններից մինչև կրթամշակութային, հումանիտար, ՏՏ ոլորտներ:



Աբդուլ Լատիֆ Ռաշիդ (Իրաքի նախագահ) - Համատեղ այցը միտված է ամրապնդելու, բարելավելու երկու երկրների միջև մշակութային, տնտեսական, քաղաքական, զբոսաշրջային և այլ ոլորտներում առկա գործակցությունը և հարաբերությունները: Ինչպես դուք գիտեք, այժմ Իրաքում իրավիճակը, փառք Աստծո, կայուն է, իրադրությունը անվտանգ է, և այժմ Իրաքի իշխանությունը, ինչպես նաև պետական հաստատություններն աշխատում են ծառայությունների ոլորտի բարեկարգման, բարելավման ուղղությամբ, և այս ոլորտում մենք միջազգային հանրության, նաև բարեկամ պետությունների, ինչպիսին է Հայաստանը, աջակցության կարիքն ունենք:

  • Կիսվել: