ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր այլևս հնարավոր չէ միասնական խոսակցություն Մինսկի խմբի համանախագահության հետ. Զուրաբյան (տեսանյութ)

Այսօր այլևս հնարավոր չէ միասնական խոսակցություն Մինսկի խմբի համանախագահության հետ. Զուրաբյան (տեսանյութ)

Այսօր այլևս հնարավոր չէ միասնական խոսակցություն Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի՞ ապագա:

Զուրաբյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք պետք է ազգովի հասկանանք և՛ Մինսկի խմբի հարցում, և՛ մնացած հարցերում, թե ինչու ենք մենք հայտնվել այս վիճակում։ Մինսկի խմբի նախագահության ողջ իմաստն այն էր, որ այն պետք է զուգորդեր ռուսական նախաձեռնությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունները։ Եւ այն ժամանակ քանի որ կային լրջագույն հակասություններ այս երկու նախաձեռնությունների միջև, Տեր–Պետրոսյանն առաջարկեց, որ այդ երկու նախաձեռնությունները միատեղվեն մեկի մեջ և ստեղծվի համանախագահություն՛՛:

Նա նշել է, որ այդ առաջարկն իրագործվեց, և ստեղծվեց ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի համանախագահություն, որի իմաստն այն էր, որ Մինսկի խմբի համանախագահությունը միացյալ դիրքորոշում ներկայացնի ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ։

՛՛Դե յուրե Մինսկի խմբի համանախագահությունը դեռ կա, այդ միավորման որոշումն ընդունվել էր 1994-ի ԵԱՀԿ գագաթնաժողովում, բայց չեղարկված չէ, սակայն ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով ստեղծված է մի իրավիճակ, որ այսօր, ըստ էության, ամերիկացիները և ֆրանսիացիները մի սեղանի շուրջ չեն նստի ռուսների հետ։ Եւ սա նշանակում է, որ այդ երեք երկրները կարող են գործել որպես Մինսկի խմբի համանախագահողներ, այսինքն՝ այդ մանդատն ունեն, բայց չեն կարող միացյալ դիրքորոշում մշակել և ներկայացնել բանակցություններում։ Եվ սա խնդիր է՛՛,-նշել է Զուրաբյանը։

Խոսելով Հայաստանի անելիքների մասին նման իրավիճակում եւ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն պե՞տք է որոնի նոր ֆորմատ՝ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք պետք է իրողությունների հետ հաշվի նստենք։ Այսօր հնարավոր չէ միասնական խոսակցություն Մինսկի խմբի հետ։ Այսօր կարելի է խոսել Ռուսաստանի հետ, որն ունի առաջատար դեր այս խաղաղ կարգավորման մեջ։ Նաև պետք է խոսենք ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ։ Դա ոչ թե մեր ընտրություն է, պարզապես այնպիսի մի տարօրինակ բան է ստեղծվել, որ այն մարդիկ, որոնք պիտի լինեին միջնորդները, հիմա արդեն պետք է միջնորդ, որպեսզի իրենց հետ կարողանա պայմանավորվել՛՛։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ չեն բացառվում հայ–ադրբեջանական բանակցություններ, և շատ կարևոր է ֆորմատը, ի՞նչ ֆորմատ պետք է դիտարկենք, որ մեզ համար շահեկան լինի, Զուրաբյանը նշել է, որ մենք կարող ենք մտնել տարբեր բանակցությունների մեջ, բայց Մինսկի խմբի միացյալ քաղաքականություն ակնկալելն իրատեսական չէ։ ՛՛Օրինակ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ առաջարկում եմ Մինսկի խմբի համանախագահությանը հրավիրել Ադրբեջան-Հայաստան բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, դա իրականում անիրատեսական առաջարկ է՛՛,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: