հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Տիգրան Ավինյան

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Տիգրան Ավինյան

1918 թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից ու հայ ազգի կամքի ամենակարևոր դրսևորումներից են։

Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի շքերթին լրագրողների հետ զրույցում:

«Ես արդեն գրեթե 7-րդ տարին է, ինչ անընդմեջ մասնակցում եմ շքերթին։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի  հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են, մեր ազգի կամքի ամենակարևոր դրսևորումներից են»,-նշել է Ավինյանը։

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի առաջին Հանրապետության տոնը հայ ժողովրդի ամենակարևոր տոներից մեկն է։ Այս տոնը խորհրդանշում է այն կամքը, որը ուներ հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին՝ վերականգնելու պետականությունը։ 

«Շատ ծանր ժամանակաշրջանից հետո շատ դժվարին իրավիճակում գտնվելուց հետո հայ ժողովուրդը մի բռունցքով կարողացավ որոշակի հերոսամարտեր կերտել, որոնք հետո հանգեցին նաև առաջին Հանրապետության հիմնմանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի առաջին Հանրապետության տոնը շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ, և այդ խորհուրդը ասում է, որ որևէ ժամանակաշրջան չպետք է մեզ ընկճի, որևէ դժվարություն չպետք է մեզ ընկճի, որովհետև մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ունենում է կամք՝ նույնիսկ դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու։ Իսկ այսօր մեր ամենակարևոր խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, Հայաստանի Հանրապետության սուվերենության ապահովումն է, և այդ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Տիգրան Ավինյանը։

 

  • Կիսվել: