հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Այս տարին նշանակային փուլ դարձավ Չինաստան–Հայաստան հարաբերությունների զարգացման պատմության մեջ. Լի Սինվեյ

Այս տարին նշանակային փուլ դարձավ Չինաստան–Հայաստան հարաբերությունների զարգացման պատմության մեջ. Լի Սինվեյ

Հայացք գցելով դեպի ապագա, կարելի է տեսնել, որ Չինաստանի ու Հայաստանի համագործակցության հեռանկարները լայն են և խոստումնալից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։

Նրա ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորդ միջոցառմանը ներկա գտնվելու համար: Այս երեկո մենք հավաքվել ենք նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձը:

76 տարի առաջ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հռչակումը բացեց Չին ազգի մեծ վերածննդի նոր պատմական դարաշրջան:

Անցած 76 տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ Չին ժողովուրդը միավորվեց և քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասավ բացառիկ արդյունքների, իսկ ազգի վերածննդի գործընթացը դարձավ անխուսափելի։ Հատկապես կուսակցության 18-րդ համագումարից հետո, նախագահ Սի Ծինփինի գլխավորությամբ, արդիականացման չինական մոդելը հասավ պատմական արդյունքների, և Չին ժողովուրդը մեծ թռիչք կատարեց՝ «ոտքի կանգնելուց» մինչև «հարստանալուն» և հետագայում «ուժեղանալուն»:

Այսօրվա Չինաստանը ոչ միայն աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունն է, այլև գլոբալ տնտեսական աճի գլխավոր շարժիչն է։ 2024 թվականին Չինաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գերազանցել է 130 տրիլիոն յուան։ Ընթացիկ տարվա առաջին կեսին Չինաստանի ՀՆԱ-ն հասել է 66 տրիլիոն յուանի, ինչը 5,3%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Չինաստանի ներդրումը գլոբալ տնտեսության աճում պահպանվում է մոտ 30%-ի չափով, իսկ Չինաստանի տնտեսության կայուն և շարունակական զարգացումը ապահովում է գլոբալ տնտեսության կայունությունը: Չինաստանի “խելացի” արդյունաբերությունն ու նոր արտադրական կարողությունները նպաստում են համաշխարհային տնտեսության փոխակերպմանը և արդիականացմանը։

Օրեցօր բարդացող միջազգային տնտեսական իրավիճակում Չինաստանը կողմնակից է համընդհանուր և ներառական տնտեսական գլոբալիզացիային, պատրաստ է խորացված համագործակցության բոլոր երկրների հետ՝ միասին զարգացման հնարավորություններ ստեղծելու և դրանց արդյունքներով կիսվելու համար:

Այսօրվա Չինաստանը ոչ միայն նպաստում է գլոբալ տնտեսության զարգացմանը, այլև խորը ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների վրա։ Չինաստանը անընդհատ ձգտում է պահպանել խաղաղությունը և խթանել զարգացումը ամբողջ աշխարհում, պաշտպանում է ՄԱԿ-ի գլխավոր դերակատարությամբ միջազգային համակարգը և միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը:

Չինաստանը հանդես է գալիս բոլոր պետությունների հավասարության օգտին՝ անկախ նրանց չափերից, և պահպանում է փոխադարձ հարգանքը ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։

Չինաստանը դեմ է պատերազմներին և հակամարտություններին, պնդում է, որ երկրների միջև հակասությունները և տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական խորհրդակցությունների միջոցով։

Չինաստանը վճռականորեն դեմ է հեգեմոնիային եւ ուժի քաղաքականությանը, ինչպես նաև միակողմանի գործողությունների քաղաքականությանը և դաշինքային հակամարտություններին։

Իր ողջ պատմության ընթացքում Չինաստանը եղել է համաշխարհային խաղաղության պաշտպան, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարգի պահպանման հաստատակամ կողմնակից, կառուցող և ներդրող։

Ավելի ու ավելի բարդ և լարված միջազգային իրավիճակի պայմաններում Չինաստանը պատրաստ է համաշխարհային հանրության հետ միասին պահպանել խաղաղությունն ու կայունությունը երկրագնդի վրա և համատեղ առաջ մղել հավասարազոր ու կարգավորված բազմաբևեռ աշխարհակարգը։

Այսօրվա Չինաստանը ձգտում է ոչ միայն սեփական զարգացմանը, այլև համաշխարհային ընդհանուր զարգացման խթանմանը։

Նախագահ Սի Ծինփինը նշել է, որ մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցումը երկարատև խաղաղության և համատեղ բարեկեցության միակ ճիշտ ուղին է։

Վերջերս կայացած «ՇՀԿ +» ձևաչափով հանդիպման ընթացքում նախագահ Սի Ծինփինը առաջ քաշեց Գլոբալ կառավարման նախաձեռնությունը, դա ևս մեկ կարևոր միջազգային նախաձեռնություն է, որը Չինաստանը առաջարկում է աշխարհին՝ Գլոբալ զարգացման, Գլոբալ անվտանգության և Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնություններից հետո։

Այս նախաձեռնությունը ներառում է հինգ հիմնական սկզբունք՝ ինքնիշխան հավասարության պահպանում, միջազգային իրավակարգի պահպանում, բազմակողմանիությանն աջակցություն, մարդակենտրոն մոտեցում և գործնական գործողությունների վրա շեշտադրում։

Տիկնայք և պարոնայք, սիրելի ընկերներ,

80 տարի առաջ չին ժողովրդի հսկայական զոհաբերությունները նպաստեցին ֆաշիզմի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին և մեծ ներդրում ունեցան այդ հաղթանակում՝ դնելով Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերակատարությամբ ժամանակակից միջազգային համակարգի հիմքերը։

Չինաստանը դարձավ նաև ՄԱԿ-ի Կանոնադրությունը ստորագրած առաջին երկիրը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։

12 տարի առաջ՝ 2013 թվականին, Չինաստանը առաջին անգամ առաջ քաշեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և այն դարձրեց պետական ռազմավարություն։

Չինաստանը համագործակցության փաստաթղթեր է ստորագրել ավելի քան 150 երկրների և ավելի քան 30 միջազգային կազմակերպությունների հետ, ինչը զգալիորեն նպաստել է բազմաթիվ երկրների տնտեսական զարգացմանն ու ենթակառուցվածքային շինարարությանը, ինչպես նաև խոր ազդեցություն է թողել համաշխարհային տնտեսական կառուցվածքի վրա։

22 օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, Պեկինի Տյանանմեն հրապարակում, անցկացվեց հանդիսավոր զինվորական շքերթ, որի ընթացքում Չինաստանը ցուցադրեց իր պաշտպանական համակարգի արդիականացման ձեռքբերումները և վերահաստատեց խաղաղ զարգացման ուղիով ընթանալու ու համաշխարհային խաղաղությունը պահպանելու իր անսասան վճռականությունը։

Այսօր աշխարհի խաղաղ զարգացումը անհնար է առանց Չինաստանի մասնակցության և ներդրման, իսկ Չինաստանի զարգացումը՝ առանց մյուս երկրների ուշադրության և աջակցության։

Այս առումով ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ընկերներին, ովքեր երկար տարիներ աջակցում են Չինաստանին և նպաստում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդմանը։

Տիկնայք և պարոնայք, սիրելի ընկերներ,

Այս տարին նշանակային փուլ դարձավ Չինաստան–Հայաստան հարաբերությունների զարգացման պատմության մեջ։

Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջող այց ունեցավ Չինաստան, որտեղ հանդիպեց նախագահ Սի Ծինպինի հետ։ Երկու կողմերը համատեղ հայտարարեցին ռազմավարական գործընկերության հաստատման մասին, ինչը նոր փուլ բացեց մեր երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ։

Վերջերս Չինաստանի նախագահ Սի Ծինպինն ու վարչապետ Լի Ցյանը շնորհավորական հեռագրեր են ուղարկել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, իսկ Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական խորհրդի պատվիրակությունը այցելել է Երևան։

Այս տարվա առաջին կեսին մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարը, իսկ փոխադարձ այցելությունների քանակը կազմել է ավելի քան 30 հազար մարդ։

Ներկայումս Երևան-Ուրումչի և հակառակ ուղղությամբ ուղիղ թռիչքներն իրականացվում են շաբաթական երեք անգամ, և մեր երկրները գտնվում են մշտական սերտ կապի մեջ։

Հայացք գցելով դեպի ապագա, կարելի է տեսնել, որ մեր երկրների համագործակցության հեռանկարները լայն են և խոստումնալից։

Առաջնորդվելով երկու երկրների ղեկավարների միջև հասած կարևոր համաձայնություններով, եկեք համատեղ ջանքերով առաջ մղենք Չինաստան–Հայաստան հարաբերությունները՝ ապահովելով դրանց կայուն և հեռատես զարգացումը՝ ավելի մեծ օգուտներ բերելով մեր երկու երկրների ժողովուրդներին։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ եկեք միասին բաժակ բարձրացնենք և ցանկանանք մեր երկրներին բարգավաճում, մեր ժողովուրդներին երջանկություն ու առողջություն, իսկ մեր բարեկամությանը հավերժություն»։

  • Կիսվել: