Այս պայմաններում գնալ իմպիչմենտի, նշանակում է նախորոք գնալ ձախողման. Հիմքեր առկա չեն. Սեյրան Օհանյան
Իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտել և մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հեռացումն է և կարծում եմ՝ այստեղ կասկած անգամ չպետք է լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այս պահին իմպիչմենտի նախաձեռնելու ամբողջ նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնել է, այլ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը թիրախավորելը:
«Իրավական ու քաղաքական հիմքեր կան նրա հեռացման համար, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես առանց հիմքերի չպետք է լինի: Դրա հիմքերը լուրջ հաշվարկների վրա են ձևավորված, և երկրորդը պետք է լինի ընդվզող ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա և կարողանան ազդեցություն գործել այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը»,-ասաց նա:
Հարցին՝ իմպիչմենթ նախաձեռնող հեղինակները դա չգիտե՞ն, Օհանյանը պատասխանեց. «Նախաձեռնողները գիտեն, որ մեզ պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու և նաև 54 պատգամավորների աջակցություն, ընդ որում նաև ՔՊ-ից, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի։ Այս նախաձեռնության հեղինակները որևէ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում և նաև պատասխանատվություն չեն կրում:
Այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարը ցույց է տվել, որ նրանք իրականում նաև դրսում ընդվզող մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել: Այս տարիների ընթացքում աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դեռևս մենք չգիտենք՝ հաջողություն կունենանք, թե չէ։ Այս առումով միայն թիրախավորել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, մեր համար անընդունելի է, մենք ասում ենք, որ մեր հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»:
Սեյրան Օհանյանը այս գործընթացը կապեց նրա հետ, որ առաջիկայում նախընտրական ժամանակահատված է, մեկ տարուց հետո հերթական ընտրություններ են, ժամանակից շուտ ուզում են թիրախավորել «Հայաստան» դաշինքին: «Ես չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանի կողմից է, եթե ում կողմից է, համենայնդեպս այդ անհատները, որոնք որ նախաձեռնել են, դրանք քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց կարող է ընդհատակյա ներկայացնել այլ ուժերի, ընդ որում նաև ընդդիմադիր հարթակից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա, այդ հիմքերը այսօր առկա չեն: Այս պայմաններում դա նշանակում է նախորոք գնալ ձախողման և կարծում եմ՝ այդ քայլերը հենց այն քայլերն են, որ հենց Նիկոլ Փաշինյանին են պետք»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը: