հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
 «Այս մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է»․ Ռոբերտ Քոչարյան

«Այս մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է»․ Ռոբերտ Քոչարյան

«Այս մեղադրական եզրակացությունը քաղաքական փաստաթուղթ է, չի գրվել իրավաբանների կողմից, սա քաղաքական սենյակներում գրված է, կան անհեթեթություններ», - «Մարտի 1»-ի գործով դատավարության ընթացքում այսօր հայտարարեց երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց դեռ անցած տարի վերսկսված դատավարության ժամանակ դատախազության միջնորդությանը, որով վերջինս դատարանին առաջարկել է փոփոխել «Մարտի 1»-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքն ու իրեն ու իր նախկին ենթականերին ներկայացնել նոր` պաշտոնական լիազորություններն անցնելու մեղադրանք:

«Երկու շարժառիթ կա այս մեղադրականում. ամեն գնով պահել ցանկալի իշխանությունը և երկրորդ` այն փոխանցել Սերժ Սարգսյանին․ ինձ քննիչն էլ չպատասխանեց` ինչն է ցանկալի իշխանական համակարգ, նույնիսկ դիմել եմ արհեստական բանականությանը», -հայտարարեց նախկին նախագահը, որը 2018-ին մեղադրվեց սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Այս հոդվածը Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, ինչից հետո գործը քննող առաջին ատյանի դատարանը արդարացրել էր պաշտոնաթող նախագահին, բայց վճռաբեկը բեկանեց այն ու ուղարկեց հետ առաջին ատյան` նոր քննության:

«Ես չգիտեմ` 7 տարի իրավապահ համակարգն ի՞նչ է ուզում ինձանից», հավելեց Քոչարյանը:

Դատախազությունը, սակայն, շարունակում է պնդել` Քոչարյանի արդարացման որոշումն ուժի մեջ չի մտել, բեկանվել է, իսկ դա նշանակում է` դատավարությունը ավարտված չէ, իրենք էլ պարտավոր են նոր մեղադրանք ներկայացնել:

  • Կիսվել: