երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից. Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից. Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից․ չի տիրապետում բանակցային գործընթացի էությանը: Այս մասին ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ իր բացառիկ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Անդրադառնալով հարցին, թե Փաշինյանն ասել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հարցը պատվիրակվել է Ապրիլյան պատերազմից հետո ու կապում է այդ աղետի հետ` 2016 թվականին, ավելին, հիշեցնում է 1993 թվականի ՄԱԿ-ի խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնցում ոչ հայանպաստ ձևակերպումներ կային, և հարցադրում է անում, ասում է` ԼՂ ինքնավար մարզի տարածքի ադրբեջանական պատկանելության մասին ֆիքսումը կարող էր լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձևը, Սերժ Սարգսյանը նշեց. «Հենց Ձեր ասածը հաստատում է այն փաստը, որ այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից և չի տիրապետում բանակցային գործընթացի ոչ թե մանրամասներին, այլ էությանը: Նախ, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևը: Դա բոլորովին այլ խնդրի էր վերաբերվում: 1993 թվականին ընդունված այդ բոլոր բանաձևերը վերաբերում էին ռազմական գործողությունները դադարեցնելուն: Դա ո՛չ կարգավիճակի հարց էր որոշում և ո՛չ մի ուրիշ բան:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չէր կայանա, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ փաստարկներ համադրելով է ինքը գալիս այդ եզրակացությանը»։

Նրա խոսքով՝ անպայման կլիներ Անվտանգության խորհրդի այդ բանաձևը` ելնելով այն հանգամանքից, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, առաջարկում էին այդ նախագիծը:

«Այսինքն՝ Դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ որ, նորից եմ կրկնում, հինգ մշտական անդամներից երեքը ներկայացնեն բանաձև և, նույնիսկ եթե երկուսը դեմ քվեարկեին, ի՞նչ էր լինելու: Նույնիսկ եթե անգամ գնային ծայրահեղ միջոցի` մշտական անդամներից մեկը վետո դներ, մենք դրանից ի՞նչ էինք կորցնելու: Չէր կարող, չէ,՞ համանախագահներն այդպիսի առաջարկություն անեին, մեկ էլ քննարկումների ժամանակ 180 աստիճանով շրջվեին և մեկ այլ որոշում կայացնեին: Անհնար է»,-հավելեց ՀՀ երրրոդ նախագահը:

 

  • Կիսվել: