հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Այս իշխանությունները «հայկական» և «հաղթանակ» բառերից փախչում են այնպես, ինչպես օձը՝ դաղձից. Ռուստամյան

Այս իշխանությունները «հայկական» և «հաղթանակ» բառերից փախչում են այնպես, ինչպես օձը՝ դաղձից. Ռուստամյան

Իյա, ուռա՜, էդ ի՞նքն է գտել հայրենիքը, էդ հայրենիքն ինքը ստացել է պայքարողների, Արամ Մանուկյանների շնորհիվ, հայրենիքը կորած էր, ինքն եկավ, գտավ հա՞, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե «մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»։

«Էդ հայրենիքը ձևավորվել է մեր նախնիների թափած հերոսական արյան շնորհիվ։ Իրենք ոչինչ չեն գտել, իրենք եղածը կորցրել են։ Ի՞նչ գտնելու մասին են խոսում։ Այն, ինչ որ ժառանգել էին, թող պահեին, այն, ինչ ժառանգել են, օր-օրի կորցնելով գնում ենք, այ սա կանգնեցնելու խնդիր կա»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները պարտությամբ փորձում են իրենց Հայաստանը ստեղծել։

«Իրենց «իրական Հայաստանի» հիմքում ընկած է պարտվողականությունը։ Իրենց համար երկու բառ ուղղակի սարսափ է առաջացնում՝ հաղթանակ և հայկական։ Իրենք այդ երկու բառերից փախչում են, ինչպես օձը՝ դաղձից»,-ասաց Ռուստամյանը։

  • Կիսվել: